Հայաստանի կառավարությունը վավերացրել է Բելառուսի հետ կնքված ռեադմիսիայի համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վավերացրել է Բելառուսի Հանրապետության կառավարության հետ կնքված հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագիծը ընդունվել է Կառավարության փետրվարի 3-ի հերթական նիստում:
Համաձայնագրում նշված է, որ պետք է համատեղ և համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:
«Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրարկման արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը, ժամկետները և այլն»,- նշված է համաձայնագրում:
Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել հետընդունման (ռեադմիսիայի) գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
Armenpress.am