Արմեն Սարգսյանին հատուկ առաքելությամբ բերել էին Հայաստան, հիմա ժամանակն էր հեռացնելու
Ներքաղաքական վերջին զարգացումների եւ հայաստանյան իրավիճակի մասին զրուցեցինք Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հետ:
- Պարոն Բոստանջյան, նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականի մասին ի՞նչ կասեք: Սա, Ձեր կարծիքով, ի՞նչ էր նշանակում:
- Կարող է պատահի` որոշներն իմ խոսքերը դիտարկեն որպես դավադրությունների տեսություն, սակայն ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը հատուկ առաքելություն ունեցող անձնավորություն էր՝ դեռեւս կենտրոնացած կառավարման տարիներից: Նա լիազորված էր համապատասխան հետախուզական կենտրոնում գտնվելու եւ գտնվեց: Սովետական Միությունը փլուզվելուց հետո նա շարունակաբար իր գործն անում է: Հիմա շատ ենթադրություններ կարելի է անել, բայց բոլոր պարագաներում էլ հասկանալի է, որ խոշոր երկրների վրա ազդեցություն ունեցող երկրները, որոնք անվերջ գործում են, իրեն օգտագործում են համապատասխան գործառույթների համար: Նրանց պետք էր Արմեն Սարգսյանին բերել տարածաշրջան՝ նախագահի դեմքով, իսկ հիմա արդեն ժամանակն էր հեռացնելու: Այդ պատճառով էլ շուտափույթ կերպով, առանց նախադրյալների տվեց հրաժարականը: Էնքան բարդ է նրանց կողմից իրականացվող խաղերին պատասխանելը, որ չես կարող միանգամից հասկանալ, թե ում, որքանով եւ ինչու է ծառայում Արմեն Սարգսյանը: Բայց որ ծառայում է` մենք բոլորս գիտենք:
- Ընդդիմությունն ունի՞ նախագահի նախընտրելի թեկնածու:
- Ես հստակ ասել չեմ կարող: Իհարկե, կլինեն թեկնածուներ, բայց ակնհայտ է, որ այդ թեկնածուների անունները գրված կլինեն ջրի վրա, որովհետեւ մեր երկրում առկա է մոնոպոլ կառավարում: Բնականաբար, ձեւական ընդդիմություններ կարող են լինել, բայց նրանք ոչինչ չեն կարող անել:
- Ձեւական ընդդիմություն ասելով ո՞ւմ նկատի ունեք: Խորհրդարանական ընդդիմությանը ե՞ւս:
- Բոլոր դեպքերում, նրանք «ատամ ցույց տվող» ընդդիմություն չեն: Ընդդիմությունն այդպես չի լինում:
- Ձեր կարծիքով, ի՞նչն են սխալ անում: Ի՞նչ պետք է անեն, որ չեն անում:
- Ես չեմ հավակնում տալ սպառիչ ու միանշանակ պատասխան, բայց անձամբ ես մանդատը երբեք չէի վերցնի: 2018-ին էլ ես մանդատս անմիջապես վայր դրեցի:
- Իշխանությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանի մասին ի՞նչ կասեք:
- Ես Վահագն Խաչատրյանին շատ վաղուց եմ ճանաչել: Այդ հարցը չէի ցանկանա, որ ինձ տայիք, բայց որ տվեցիք` պատասխանեմ: Վահագն Խաչատրյանը հավասարակշռված մարդ է: Ուզում եմ մտածել, որ նա չի տառապում նյութապաշտության հիվանդությամբ: Նա մտածող տեսակ է, ցավոք, այդպիսի մարդիկ կառավարող էլիտայում քիչ են: Ամեն դեպքում, ես նրա փոխարեն չէի գնա նրանց հետ աշխատելու:
- ԲՀԿ-ի պասիվ կեցվածքի մասին ի՞նչ կասեք:
- Ես ԲՀԿ-ից դուրս եմ եկել, հիմա ավելորդ կլինի ուրիշ բաներ խոսելը:
Hraparak.am