Շատ կարևոր է, որ գործընթացները լինեն ծայրահեղ թափանցիկ. նախարարը՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին
ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ խորհրդի առջև չկա դրված Սահմանադրությունն այս կամ այն կերպ ձևելու ոչ մի գաղտնի օրակարգ: Նպատակն է՝ Սահմանադրությունն աուդիտի ենթարկել, վերհանել խնդիրները, փոփոխություններ անել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այս մասին վստահեցրեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում բացման իր խոսքում:
Անդրեասյանը նախ տեղեկացրեց, որ ներկա չէ միայն ՄԻՊ-ը, որն ի սկզբանե համաձայնել էր լինել խորհրդի կազմում: «Ենթադրաբար զբաղվածության կամ այլ պատճառներով այսօր նա ներկա չէ: Հուսով եմ, որ մեր մյուս հանդիպումների ժամանակ արդեն կլինի նաև Մարդու իրավունքների պաշտպանը»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ ի պատասխան հրավերի՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ևս ցանկություն չեն հայտնել մասնակցել գործընթացին: «Մենք այս գործընթացը սկսել ենք դեռևս ամիսներ առաջ, և առաջին իսկ փուլերից փորձել ենք նաև ներգրավել խորհրդարանական ընդդիմությանը, սակայն իրենք որպես քաղաքական որոշում, չեն մասնակցում»,-ասաց Անդրեասյանը:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը շատ կարևորում է նաև նիստին ներկա չգտնվող արտախորհրդարանական մյուս կուսակցությունների հետ աշխատանքները, գործընթացով հետաքրքրված բոլոր հասարակական կազմակերպությունների դերը, լսելու են նաև նրանց կարծիքները:
«Մեզ համար, որպես կառավարություն, կառավարության ներկայացուցիչ, շատ կարևոր է, որ գործընթացները լինեն ծայրահեղ թափանցիկ, և սա չլինի մի գործընթաց, որտեղ փակ դռների հետևում գիտնականներ կամ քաղաքական շահեր, հետաքրքրություններ ունեցող մարդիկ կհավաքվեն և կունենան ուղղակի փաստաթուղթ, որը հետո մի կերպ համոզելով կներկայացվի ժողովրդին: Կարծում եմ՝ գործընթացը պետք է պահենք հնարավորինս մասնակցային»,-ասաց նախարարը:
Նա որպես կառավարության ներկայացուցիչ հատուկ հայտարարեց. «Չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ այս խորհրդի, կամ այս խորհրդի որևէ անդամի առջև, թե իբր սա արվում է, որ այսպես կամ այնպես ձևվվի Սահմանադրությունը. նման օրակարգեր չկան»:
Նախարարը մեջբերեց վարչապետի խոսքը, որ սա բաց գործընթաց է, որտեղ առաջնային նպատակը Սահմանադրությունը աուդիտի ենթարկելն է, և այդ աուդիտի արդյունքում վերհանել խնդիրներ, որոնք բաց, մասնակցային ձևով, մասնագետներին լսելով, կփոփոխվեն, որ ժողովրդավարությունը ավելի լավ զարգացում ապրի, խնդիրները կարգավորվեն:
Armenpress.am