ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում է, որ Սահմանադրության մեջ տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում, նաև կատարվի դատական իշխանության համակարգի վերանայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում բացման իր խոսքում:

Անդրեասյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները, թե ինչ է սպասում սահմանադրական բարեփոխումներից: «Ես ուզում եմ, որ քննարկենք այդքան չարչրկված և սպասված վեթինգի  հնարավորությունները սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա մեր Սահմանադրության մեջ, եթե այն փոփոխվի: Ես անձամբ գտնում եմ, որ պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք»,-ասաց նա:

Նախարարը, սակայն չունի իր անձնական վերջնական պատկերացումը, թե դա ինչպես պետք է տեղի ունենա, թե որ դատարանը որին պետք է միավորվի: Նա, սակայն շատ է կարևում, որ այդ հարցերը քննարկվեն:

Նախարարը նաև մասնագիտական անհանգստություն ունի՝ այսօր Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր,  որոնք նախկին քննարկումների ժամանակ թողնվել են: «Այն պատճառով, որ շատ հարցեր երկրում ժամանակին լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական ինչ-որ որոշումներով: Եվ դրա համար Սահմանադրության հեղինակները կարիք չեն համարել մինչև վերջ բոլոր ճգնաժամային իրավիճակները պատկերացնելու և այդ կարգավորումները տալու»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ իրենց աշխատանքը կտա այդ պտուղները:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն