Պեկին 2022. Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ
2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը պաշտոնապես բացվել են այսօր Պեկինում հանդիսավոր արարողությամբ Ազգային մարզադաշտում, որը նաև հայտնի է որպես Թռչունների բույն:
Հայաստանի թիմում դրոշակակիրների առաքելությունը ՀԱՕԿ-ը ընձեռել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:
Օլիմպիական խաղերին մասնակցում է 95 երկիր։
Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ելույթների ժամանակացույցը
Հայաստանի մարզիկներից առաջինը մրցապայքարի կելնի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
Նա փետրվարի 6-ին ուժերը կչափի 30 կմ սկիաթլոն մրցաձևում/15կմ դասական ոճ + 15կմ ազատ ոճ/: Աշոցքցին երկրորդ անգամ մրցուղի կելնի փետրվարի 11-ին՝ 15 կմ դասական ոճում: Ինչ վերաբերում է «Աշոցքի դուստրեր», դահուկավազորդուհիներ Կատյա Գալստյանին և Անգելինա Մուրադյանին, ասենք, որ ավելի ծավալուն աշխատանք պետք է կատարի Կատյան: Նա փետրվարի 8-ին կմասնակցի արագավազքի ազատ ոճում, իսկ երկու օր հետո, Անգելինա Մուրադյանի հետ, մրցակիցների դեմ կմրցի 10 կմ դասական ոճում:
Հայ մարզասերը առանձնակի հետաքրքությամբ է հետևում օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցումներին, մասնավորոպես՝ պարային զույգերի ելույթներին: Շեշտեցինք պարային զույգերը, քանզի նրանց կատարումները, հիրավի, սպորտի և արվեստի յուրատեսակ սինթեզ է հիշեցնում, մանավանդ որ, աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, բարձրաշխարհիկ մարզասերների համակրանքին արժանանալու նպատակով, հաճախ են ընտրում հայ հանրաճանաչ երգահանների ստեղծագործությունները:
Հենց այն, որ մեր եռագույնի պատիվը պաշտպանող կանադահայ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը մասնակցում են պարային զույգերի օլիմպիական հանդեսին ՝ արդեն մեծ պատիվ է մեր երկրի համար:
Մեր երկյակը պայքարը կսկսի փետրվարի 12-ին /պարտադիր ծրագիր/: Հաջողության պարագայում Հայաստանի զույգը փետրվարի 14-ին իր ունակությունները կդրսևորի արդեն ազատ ծրագրի եզրափակիչում:
Հաճախ ենք հեռակապով զրուցում մեր պատվիրակության անդամների հետ, հետաքրքրվում նրանց առօրյայով: Պեկինում, համավարակի պատճառով, ամենուրեք առկա են խիստ սահմանափակումները: Դրանից չեն դժգոհում մերոնք: Ավելին, ոգևորվում են, քանզի մարզվելու պայմաններն առավել անվտանգ են դառնում:
Իրենց մրցելույթների մասին մեր օլիմպիականները կանխատեսումներ չեն անում. զուսպ են և դրանով ասես քողարկում են հաջողության հասնելու իրենց մեծ ձգտումը, մեր եռագույնի պատիվը բարձր պահելու վճռականությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կրկին հաջողություններ է մաղթում մեր մարզիկ ուստրերին ու դուստրերին, հավատալով, որ նրանք կիրականացնեն հայրենանվեր նպատակները:
Մի քանի երկիր՝ այդ թվում Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Իսպանիան արդեն ներկայացել են աշխարհին։
hy.armradio.am