Հետքարանձավային կյանք․ աշխարհի ամենահին կոշիկը չորացել է, բայց կապրի
Աշխարհի ամենահին կոշիկը 5500 տարի «ապրեց» քարանձավային, շուրջ 10 տարի՝ արտաքարանձավային կյանքում։ Մեր աշխարհը աշխարհի ամենահին կոշիկին դուր չեկավ․ 2010-ին՝ քարանձավից դուրս հանելուց հետո, այն արտաքին փոփոխությունների է ենթարկվել: Պատմական գտածոն չկորցնելու համար կառավարությունը շուրջ 10 միլիոն դրամ է հատկացրել։ Այդ միջոցները կուղղվեն կոշիկը հատուկ պայմաններում պահելուն։
«Ասել, որ այդքան վատ պայմաններում էր ցուցադրվում չեմ կարող, որովհետև կոշիկը, այնուամենայնիվ, դուրս բերելուց հետո ինչքան պետք է փոխվեր, կաշին չորանար, արդեն չորացել էր»։
Կոշիկը գտած հնագիտական խմբի ղեկավարն ի սկզբանե դեմ է եղել գտածոն թանգարան հանձնելուն։
«Ցավոք սրտի, արդեն մեծ ժամանակ է անցել, և այն կորցրել է իր նախնական տեսքը։ Այն ժամանակ, եթե ազնվորեն ասեմ, ես դեմ էի իր՝ այդպես հապճեպ թանգարանին հանձնելուն, որովհետև մինչև վերջ չուսումնասիրվեց։ Կային շատ ու շատ խնդիրներ, լաբորատոր նմուշարկման խնդիր կար»։
Կոշիկն արդեն 1.5 տարի է՝ չի ցուցադրվում։ Մենք ևս այն տեսնելու հնարավորություն չունենք։ Թանգարանի աշխատակիցը, սակայն, տարօրինակ ոչինչ չի տեսնում․ ասում է՝ կոշիկն իր քարանձավային միջավայրից մարդկային միջավայր տեղափոխվելիս ձևափոխվել է․
«Հնագետների հետ չի կապվում, որովհետև ինքը հայտնաբերվել է քարանձավից, որտեղ բոլորովին ուրիշ միկրոկլիմա էր, ինքներդ եք հասկանում, որ էնտեղ նման գտածոն չէինք կարող թողել, որովհետև կան նմուշներ, որ պետք է թանգարանում պահվի, ինչ ուզում է լինի։
«Էդպես փոփոխված տեսնում էի, իմ սրտին ցավ էր, դրա համար աշխատում էի չնայել։ Ամեն դեպքում ինքը դրվեց ապակու տարողության մեջ, որտեղ հավանաբար չորությունը իրեն վնաս հասցրեց։ Ինչ աստիճանի է փոխվել՝ ես չեմ նայել, չեմ կարող ասել, և ձեռք էլ չեմ ուզում տալ»։
Հնագետները «Արենի 1» քարանձավում գտել են հնագույն կոշիկից ավելի հին կոշիկի մասեր։ Դրանք շուրջ 6300 տարեկան են՝ տարբեր ոճերի, տարբեր սկզբունքներով կարված․
«Մեկն օրինակ ներբանի՝ հիմքի հատված է, որտեղ դուք կտեսնեք 2 կաշի կարված թելով իրար հետ և արանքում չորացրած խոտ, այսինքն՝ այսօրվա էդ փափուկ ներբանով կոշիկների կոնցեպտն է»։
Այս նմուշները հուշում են՝ շուրջ 6000 տարի առաջ մեր տարածաշրջանում մարդը չէր զբաղվում ուղղակի որսորդությամբ կամ հավաքչությամբ, և ոչ էլ պարզ կաշեգործությամբ․ այստեղ կոշկակարական արհեստանոց էր գործում։
«Այսօրվա դրությամբ պեղված է հուշարձանի չնչին, անգամ վախենում եմ թիվ ասել, թե մեկ որերոդ մասը, որովհետև այնտեղ կան սենյակներ, որտեղ դեռ հնագետը չի ներթափանցել և կարծում եմ՝ էնտեղ կունենանք շատ կարևոր ու հետաքրքիր գտածոներ»։
Հողի տակ մնացած պատմությունը ոչ մի տեղ չի կորում։ Մեր ժամանակներում խնդիրը ոչ միայն գտածոները հետազոտելն ու հանրությանը ներկայացնելն է, այլ նաև դրանք պահպանելը։ Հնագիտական արշավախմբի ղեկավարն, ամեն դեպքում, չի կարողանում թաքցնել ոգևորությունը՝ հերթում նոր, բացառիկ գտածո կա․
«Հիմա հերթում է տիեզերքի մոդելը՝ գունազարդ անոթի վրա պատկերված, հիմա դա ենք փորձելու պատրաստել հրատարակության, մի մոդել, որը իսկապես աշխարհի կենտրոնում արեգակն է դրված, պատկերացնու՞մ եք, Կոպերնիկոսից, Գալիլեյից 6000 տարի առաջ այն ժամանակվա մարդը տիեզերքի կենտրոնում պատկերացրել է Արեգակը»։
Տիեզերքի մոդելն ուսումնասիրության իր ճանապարհն անցնելուց հետո ևս կցուցադրվի՝ որպես Հայաստանում հազարամյակներ առաջ քաղաքակրթության գոյության ապացույց։
hy.armradio.am