ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նոր զեկույց է հրապարակել անգլերենով այն մասին, թե 44-օրյա պատերազմից հետո ինչ վիճակում է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս զեկույցի հիմքում օբյեկտիվ ապացույցներ են, կոնկրետ փաստեր, որոնք հավաքագրել ենք ամենօրյա անդադար աշխատանքով:

Զեկույցի հիմնական հետևություններն են՝

1) Պատերամիզ հետո ադրբեջանական իշխանությունները շարունակում են ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:

2) Այն ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:

3) Դա ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Ուստի, ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից:

4) Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը:

5) Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու:

6) Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսևորումներ:

Զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ:

7) Ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, և այն վտանգավոր է նաև այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:

8) Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են և շղարշ են արտաքին աշխարհի համար:

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ»,- գրել է նա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն