Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ
Պետք է կրկին հստակորեն արձանագրել, որ Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է «աշխատանքային խումբ» իբր աղվանական հուշարձաններից հայերեն արձանագրությունները և հայկական հետքը ջնջելու համար։
Այս առումով պետք է կրկին հստակորեն արձանագրել, որ Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ։ Դրա բաղկացուցիչներից են տեղանվանական պատերազմը, երբ ադրբեջանական նաև պաշտոնական ԶԼՄ-ներում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տեղանունները աղճատվում կամ փոխվում են իբրև թե «ադրբեջանական» տարբերակներով և մշակութային պատերազմը, որի շրջանակներում բարբարոսաբար ոչնչացվում կամ յուրացվում է հայկական նյութական և հոգևոր մշակույթը։
Ընդ որում, նաև այս երկու «մարտադաշտերի» առկայության և դրանցում մեզ հետ պատերազմելու և մեզ ոչնչացնելու մասին բացահայտ կերպով հայտարարում են Բաքվի բռնապետական վարչախմբի այս հարցերով գրեթե բոլոր պատասխանատուները՝ սկսած անձամբ բռնապետից, վերջացրած նրա նախարարներով և գիտության ու մշակույթի կեղծարար «մտավորականությամբ»։
Ընդ որում, այս ամենն արվում է շատ հստակ նպատակով՝ հայկական սրբազան հողի նկատմամբ ամրագրելու Բաքվի բարբարոսական բռնապետության իբր պատմական և մշակութային «լեգիտիմությունը», որը հիմք պետք է հանդիսանա հետագա ծավալապաշտության համար»,- գրել է նա։
Hraparak.am