Ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողներն ամփոփել են վերջին մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի շրջաններում և Լաչինի միջանցքում իրենց գործունեության արդյունքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ռուս խաղաղապահներն այս տարվա հունվարին ապահովել են հումանիտար ուղեբեռով շարասյուների անվտանգ անցումը, ուխտավորների այցելությունն Ամարաս, հերթապահությունը կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով, տեղանքի և կառույցների ականազերծումը, ինչպես նաև ոչնչացրել են չպայթած զինամթերքը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Խաղաղապահները նաև ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ հումանիտար բեռ է փոխանցվել տեղահանված անձանց և կարիքավոր ընտանիքներին, այդ թվում և բազմազավակ:

Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին  պայմանավորվածությունների իրագործման ընթացքը վերահսկելու ուղղությամբ:

Մեկ ամսում ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի 26 ավտոմոբիլային շարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և Մատաղիս-Գետավան-Վանք և հակառակ ուղղություններով:

Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից 10 ակցիա է իրականացվել՝ հարկադիր տեղահանվածներին օգնելու նպատակով: 

Անցած ամսվա ընթացքում ռուս խաղաղապահները 31 այց են իրականացրել գյուղատնտեսական և վերանորոգման աշխատանքների իրականացման անվտանգությունն ապահովելու համար: Զինծառայողների աջակցությամբ մեկնարկել է Ճարտար համայնքի և Մարտունիի շրջանի մոտակա գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման համակարգի շինարարությունը:

Ինժեներա-սակրավորական ստորաբաժանումները մինչ օրս ստուգել են 1937 շինություն, մաքրել  690 կմ ճանապարհ և 2331 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26 176 պայթյունավտանգ առարկա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն