Սիրելի ընկերներ, գործընկերներ, հարազատներ,

Վերջերս վերջնական քրեաիրավական գնահատական տրվեց իմ դեմ իրականացվող  զրպարտիչ հանցավոր գործողություններին, որոնք ուղղված էին և հետևողականորեն վնասում էին ոչ միայն իմ անձն ու համբավը, այլ առավելապես նաև իմ կողմից ղեկավարվող կառույցները՝ Կենդանաբանական Այգի, FPWC հիմնադրամ։   

Դեռևս 4 տարի առաջ մեկնարկած՝  հստակ նպատակ, օրակարգ ու պատվիրատուներ ունեցող այս զրպարտիչ գործողությունների բոլոր  կատարածուներն ու խամաճիկները, ՀՀ դատարանների պարտադրմամբ, այսօր պարտավորված են հրապարակային ներողություն խնդրել հնչեցրած բամբասանքների, հերյուրանքների ու զրպարտությունների համար, որ միտված էին արատավորելու իմ համբավը, ղեկավարած կառույցներն ու կատարած աշխատանքը:

Բացի հրապարակային հերքումից ու ներողությունից, կատարածուները նաև ստիպված են վճարելու դրամական փոխհատուցում՝ հասցված բարոյական վնասի համար, որն անխոս ուղղելու եմ ՀՀ կենդանական աշխարհի պահպանության գործին՝ ի նպաստ Հայաստանի բնության:

Նշեմ, որ այս արշավի մեջ ներառված բոլոր անձինք բացահայտված են, սակայն քանի որ իմ դեմ հարուցված 6 քրեական գործերից 5-ը կարճվել են, իսկ  1-ը դեռ ընթացքի մեջ է, առայժմ զերծ կմնամ հայտնի ու անհայտ անուններ հրապարակելուց՝ այդ թվում այն անձանց, ովքեր պաշտոններ են զբաղեցնում տարբեր կառավարական օղակներում: 

Երևանի կենդանաբանական այգին մշտապես է եղել որոշ խմբային շահերի ինտրիգների կիզակետում, և այս կամ այն ուժերը պարբերաբար այգին թիրախավորել են իրենց անձնական բիզնես շահերի նպատակներին հասնելու համար, ինչն ինձ համար, որպես ղեկավարի, երբևէ ընդունելի չի եղել, քանի որ նման շահարկումների հետևանքով միակ տուժողները մշտապես եղել են կենդանիները ու նրանց բարեկեցությունը:

Ինչպես ցույց տվեց իրականությունը, իմ հրաժարականից նույնիսկ չորս տարի անց, որն այդքան ծավալուն լուսաբանվեց և լայն շրջանակների ուշադրությանն արժանացավ, այդ թվում՝ Երևան քաղաքի ավագանիների կողմից, ովքեր պարբերաբար՝  «չլուծված խնդիրներ», «հանցավոր պայմանավորվածություն», «նախկինների ռեժիմ»-ի փոխարեն խոստանում էին ունիվերսալ գիտական ու կառավարման խորհուրդների միջոցով արդյունավետ կառավարում ու բարգավաճում, Կենդանաբանական այգում արմատական խնդիր այդպես էլ չլուծվեց՝ ամբողջական տարածքը շարունակում է մնալ անպաշտպան ու առանց ցանկապատի (ի դեպ, ավագանիներից մեկը այս մասով  բողոք էր ներկայացրել իմ դեմ՝ մեղադրելով ինձ իմ պարտականությունները չկատարելու մեջ, որը, սակայն, կարճվեց սեղմ ժամկետներում), կենդանիների անկումը շարունակվում է՝ ի հեճուկս «կենդանասերների», թեպետ այլևս չի լուսաբանվում   (մանր կաթնասուններ, երկկենցաղներ, թռչուններ, սողուններ), հակահամաճարակային իրավիճակը ըստ մասնագետների պատշաճ չէր վերահսկվում, ինչի արդյունքն է օրինակ երկսապատ ուղտի անկումը տուբերկուլյոզից, կենդանիների փախուստը բացառելու որևէ միջոցառում  այդպես էլ չիրականացվեց, միայնակ պահվող, խնդրահարույց տեսակների հարցն այդպես էլ չլուծվեց, իսկ այգին ղեկավարող և փաստացի հանրային անվտանգության համար պատասխանատու օղակը, ի դեմս Երևանի քաղաքապետարանի, բոլոր սլաքները շեղեց դեպի ինձ, քանի որ այդպես հնարավոր էր խուսափել շեշտակի որոշումներ կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու դժվարին պարտավորությունից:

Այդուհանդերձ, արձանագրենք, որ Այգու դիմաց մինչ վերջին օրերը, ցույցեր այլևս չկային.  կարևոր ձեռքբերում Երևանի քաղաքապետարանի համար։

Քաղաքապետարանի համապատասխան վարչությունն անտեսեց նաև ոլորտի լուրջ մասնագետների, միջազգային հեղինակություն վայելող կառույցների նամակները, գրություններն ու զգուշացումներն առ այն, որ այս արհեստականորեն ստեղծված աղմուկի շղարշի ներքո անտեսվում են Այգու հետ կապված լուրջ խնդիրները, իսկ պետական ռեսուրսը մսխվում է մեղավորներ փնտրելու  համար, այլ ոչ՝ հանուն այգու հետագա զարգացման ու մոտեցման փոփոխության:

Այս ամբողջ ընթացքում իրավապահ մարմինները՝ ՀՔԾ-ից մինչև ԱԱԾ լծված էին քննելու Կենդանաբանական այգու կենդանիների «անկման» գործը… 

Ցավում եմ, որ քաղաքապետարանում այդպես էլ չարմատացավ այն գիտակցումը, որ Երևանի կենդանաբանական այգին մշակույթի վարչության ներքո գործող հերթական սովետական թանգարանը չէ, իսկ կենդանիներն էլ  լոկ ցուցադրման նմուշներ չեն, այլ մասնագիտական ու բազմասպեկտր կառավարում պահանջող մասնագիտացված կառույց: 

Այգու ներկայիս լուրջ խնդիրները, որ կարող են չերևալ շարքային այցելուի աչքում, վաղը պատկան մարմիններին կանգնացնելու են է՛լ ավելի սուր խնդիրների առջև, սակայն կարծում եմ հնարավոր կլինի կրկին գտնել մեղավորներ ու պատասխանատուներ՝ անտեսելով ամենակարևորն ու հրատապը: 

Պետական կառավարման ցանկացած ոլորտում նմանօրինակ յուրաքանչյուր մոտեցում անխոս հանգեցնելու է տոտալ կոլապսի։

Հետայսու իմ անձի, իմ կողմից ղեկավարվող կառույցների, իմ թիմի դեմ ձեռնարկած ցանկացած քայլ արժանանալու է համարժեք պատասխանի, որը հավատացնում եմ, լինելու է է՛լ ավելի կոշտ, փաստարկված ու առանց խուսանավելու գեթ մեկ հնարավորության:

Եվ վերջում՝ երախտագիտությունս ու խորին շնորհակալությունս ցայսօր իմ կողքին կանգնած թիմի բոլոր անդամներին, միասին մենք դեռ բազում այլ նախագծեր ենք իրականացնելու ի բարօրություն Հայաստանի ու ի շահ ՀՀ բնության:

Շնորհակալ եմ, որ կողքիս եք:

Նկարում կենդանիների դիակներով լեցուն ու ծխացող սարն է, որ ժառանգեցի Կենդանաբանական այգու տնօրեն նշանակվելու օրվանից, իսկ կատարած աշխատանքի արդյունքը տեսնում եք այսօր՝ Այգի այցելելիս:

Ռուբեն Խաչատրյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն