Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։

«Թղթե ականներ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից և Երևանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ, ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին:

Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին, Նիգարյանը կոտրեց այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1960-ականների լեհական, կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլեց էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:

Այնուամենայնիվ, Նիգարյանի սյուրռեալիստական պաստառների էսթետիկորեն այլայլող և մտավորապես սադրիչ բնույթը մերժված էր խորհրդահայ արվեստի կողմից, ինչի արդյունքում տպագրվել են նկարչի սոսկ մի քանի պաստառային նախագծեր:

Վերջին տարիներին Նիգարյանի ստեղծագործության վերաբացահայտումը եղել է ոգեշնչման կարևոր աղբյուր երիտասարդ հայ գրաֆիկ նկարիչների համար՝ դառնալով որոշակի խթան Հայաստանում պաստառային արվեստի վերածննդի համար:





Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն