Շուրջ 32 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից «Էրեբունի» արգելոց-թանգարան»-ին։ Որոշումը կայացվել էր անցյալ տարի, միջոցներն էլ խնայվել էին 2021-ին «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չանցկացնելու արդյունքում։ Էրեբունի ամրոցը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին, թանգարանը՝ 1968-ին։ Երևանի հարավ-արևելյան ծայրամասում՝ Արին բերդ բլրին գտնվող Էրեբունի բերդաքաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք փորձելու են լուծել քաղաքապետարանի տրամադրած միջոցներով։ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյան․

«Այս գործընթացը մի քանի փուլ է անցել։ Ցանկ ենք ներկայացրել մեր խնդիրների, բավական կարևոր կետեր ընտրվել են, համատեղ աշխատել ենք քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության հետ։ Առաջնահերթ,  փետրվարի վերջին սկսվելու են թանգարանի շենքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները, որովհետև տասը տարուց ավելի է՝ ճակատին ճաքեր կան շենքի, քարեր են ընկնում, պետք է հասկանալ՝ ի՞նչ խնդիր կա, և լուծում տալ։ Թանգարանը սնուցող մալուխը շատ վատ վիճակում է, և եթե վթար լինի, ուղղակի շենքը կհոսանքազրկվի, մալուխն ենք պատրաստվում փոխել»,-ասում է Միքայել Բադալյանը։



Թանգարանի արդիականացման ծրագրի շրջանակում հնագիտական ֆոնդի պատշաճ պահպանման համար ձեռք կբերվեն չհրկիզվող պահարաններ և դռներ, կվերանորոգվի գրադարանը։

«Համապատասխան քարտ ունենալու դեպքում յուրաքանչյուրը  կարող է անվճար օգտվել գրադարանից, այդ թվում՝ ուրարատական ժամանակաշրջանին վերաբերող հսկայական ֆոնդից»,-ասում է Միքայել Բադալյանը:

«Անմխիթար վիճակում է ամրոցի ոստիկանական պահակակետը։ Թեպետ մենք մեր ոստիկաններին տրամադրել ենք հեռադիտակներ, լուսացույցեր, բայց բուն պահակակետը չի գործում, որովհետև կարիճներ են դուրս գալիս հատակից, շատ վատ վիճակ է։ Դա կվերանորոգենք, իսկ պահակակետի ներքևի հարկը կծառայի որպես պահեստ՝ պեղումների ժամանակ։ Վերանորոգվելու է թանգարանի վերականգնման լաբորոտորիան, որը զինվելու է ժամանակակից մանրադիտակով, 3D ռեկունստրուկցիայի հնարավորությամբ սարքերով, համակարգչային տեխնիկայով, ինչը էապես կփոխի մեր վերականգնող աշխատակիցների աշխատանքի որակը»,-նշում է Բադալյանը։



Էրեբունի բերդաքաղաքը լուսավորված չէ, չկան համապատասխան  ցուցանակներ։ Միքայել Բադալյանը լիահույս է, որ թանգարանի արդիականացման ծրագրերի իրականացումից հետո պատկերը փոխված կլինի։ Աշխատանքները կսկսվեն փետրվարի վերջին, կավարտվեն նոյեմբերին։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն