Կարող ենք արձանագրել, որ հոգեվարքի մեջ գտնվող արդարադատության դագաղի մեխը դրվեց։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով Բորիս Բախշիյանի կալանավարմանը։

Հարց ուղղելով արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանին, Խամոյանը նշեց՝ ի՞նչը Ձեզ ի վերջո գայթակղեց փոխնախարարի պաշտոնում նշանակվելուն։

Պատգամավորը նկատեց նաեւ, որ արդարադատության ոլորտի մարդիկ պետք է որոշակի արժեհամակարգ ունենան։ «Հիմա ես ու հանրությունն ուզում ենք հասկանալ, թե ինչպիսի՞ն է պատկերը Ձեզ մոտ։ Դուք ՀՀԿ անդամ եք եղել, ՀՀԿ ավագանու անդամ, մասնակցել եք Տարոն Մարգարյանի քարոզարշավին, այդ ընթացքում ծաղրել եք Նիկոլ Փաշինյանին։ Դուք Նիկոլ Փաշինյանին ասել եք, որ Տարոն Մարգարյանի հետ փորձում է մրցել մարդ, ով նույնիսկ մի համատիրություն չի ղեկավարել։ Այս իշխանությունները տարիներ շարունակ քննադատել են ԽԾԲ մեթոդով նշանակումները պետական համակարգում։ Կարծում եմ՝ հասարակությանը, նաև ինձ հետաքրքիր է, թե ինչո՞վ էր, ի վերջո, պայմանավորված Ձեր նշանակումը Արդարադատության փոխնախարարի պաշտոնում։ Չեմ փորձի մտնել ազգակցական դաշտ, դա անձնական է, ինձ թույլ չեմ տա։ Ի՞նչը, ի վերջո, Ձեզ գայթակղեց փոխնախարարի պաշտոնում նշանակվելու համար»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։ Գրիգոր Մինասյանը հարցը որակեց ելույթ.

«Ցավում եմ, որ դուք ձեր պատգամավորական գործունեությունը խառնում եք լրագրողական գործունեության հետ։

Ինչ վերաբերում է նրան, որ ես իբրև թե ծաղրել եմ ինչ-որ քաղաքական գործչի, դա սուտ է, հերյուրանք, երբեք նման բան չի եղել։ Եղել են քաղաքական դեբատներ, քաղաքական հայտարարություններ, որոնք երբեք ծաղրանք չեն եղել։

Իսկ թե ինչու եմ ես այսօր այս պաշտոնին, որովհետև Արդարադատության նախարարի հետ երկար տարիների փորձ ունենք, ես կիսում եմ այն սկզբունքները, որոնք ունի թիմը։ Ուզում եմ իմ փորձով մի լավ բան անեմ։ Կարծում եմ՝արդարադատության դագաղի մեխը դրված էր անցյալում, երբ որ դատավորին ենթադրյալ ապօրինություն գործելու համար երբեք պատասխանատվության չեն ենթարկել»,- եզրափակեց Գրիգոր Մինասյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի դաշնակիցը դարձած Գրիգոր Մինասյանը ընդամենը մի քանի տարի առաջ նախկինների կարկառուն ներկայացուցիչներից էր, Տարոն Մարգարյանի մոլեռանդ երկրպագուն և նրա աշխատանքները գովերգողը, նրա թիմի անդամը, որը քարոզարշավի ընթացքում ծաղրում էր տանիքներ մագլցելով քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, նրան անուղղակի կերպով անվանում շոումեն կամ շոու անող, կոչ անում երևանցիներին իրենց ձայնը տալ Տարոն Մարգարյանին, ոչ թե «նույնիսկ մի համատիրություն չղեկավարած» մեկին:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն