Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ դեռ հավատում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:

Չեխիայի, Սլովակիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարները  փետրվարի 7-8-ին աշխատանքային այցով կլինեն Ուկրաինայում: Ավստրիացի նախարարն ընդգծել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Եվրոպայում «ռազմական առճակատման ռիսկ պարունակող» իրավիճակ  է ստեղծվել:

«Գուցե այն պատճառով, որ ԱԳՆ նախարար եմ, դեռ հավատում եմ դիվանագիտության հնարավորություններին, որոնք դեռ կան: Ուրախ եմ տեսնել, որ դիվանագիտությունը դեռ աշխատում է, և մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները»,-մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Շալենբերգը:

Ռազմաքաղաքական իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է լարված մնալ: Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լուրջ մտահոգություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինայի տարածք: Պաշտոնական Մոսկվան անհիմն է համարում այդ տեղեկությունները: Մինչ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ներխուժումն է Ուկրաինա, իր հերթին Ռուսաստանի հիմնական մտահոգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Արևելք, այդ թվում կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցումը: ԱՄՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանի պահանջը հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն