Ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք նախագահի թեկնածու չեն առաջադրելու, քանի որ այդկերպ կլեգիտիմացնեն նախագահ ընտրելու գործընթացը: Ընդդիմության այս որոշումը հասարակության կողմից միանշանակ չընդունվեց: «Ընդդիմությունն օր-օրի սպառում է իրեն: Ընդդիմության լիդերները երկուսն են՝ նախկին երկու նախագահները, որոնց առաջադրվելը անիմաստ էր, քանի որ ընտրվելու հնարավորություն չունեին»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր նախկին քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը:

«Ես վստահ եմ, որ եթե նույնիսկ Էդգար Ղազայանը կամ մեկ ուրիշը առաջադրվեր, ընդդիմությունը թույլ չէր տալու, քանի որ մեխանիկորեն այդ անձը կդառնար ընդդիմության առաջին լիդերը, որի հետևից կգնար ժողովուրդը, եւ քաղաքական ոլորտում կլիներ կոնսոլիդացիոն այն անձը, որը ժողովրդին կտաներ թեկուզ պայքարի եւ այս ընտրությունից հետո նա իր հիմնական տեղը կգրավեր՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, հաջորդ ընտրություններին նրան անտեսել չէր լինի, կլիներ իրական հավակնորդ: Այսօր երեքն էլ՝ Քոչարյան, Սարգսյան եւ Փաշինյան նույն հարթության վրա են, երեքն էլ ունեն իրենց սատարող մասսան, որոնք իրենց իշխանության օրոք օգտվել են արտոնյալ պայմաններից, ունեն սեփական լրատվամիջոցները, եւ այս պայմաններում չի կայանում չորրորդ ընդդիմադիր գործիչը՝ նախկիններ ու ներկաներ բաժանող կողմը, որը կկոնսոլիդացնի դաշտը: 30 տարի ընտրակաշառքով ընտրություններ անցկացնելուց հետո ժողովրդի մեջ արմատացել է ֆինանսական միջոցներով քաղաքական պայքարի գնալը , փողով են առաջ տարել ամեն ինչ, հիմա քաղաքական պայքարն առանց գումարի էլ հնարավոր չէ, եւ հենց դա է պատճառը, որ Նիկոլը շարունակում է պաշտոնավարել:

Այսօր ԱԺ-ում տեղավորվել են, անսկզբունք, անդեմ պայքար են տանում, սպասում են հոսանքի, եւ պատահական չէ, որ ամեն անգամ ասում են, թե կրիտիկական մասսա չի հավաքվում,հատկապես հիմա, երբ սոցիալականն արդեն սրվել է, ու մարդիկ իսկապես փնտրում են այն անհատին, որի շուրջ կարող են համախմբվել: Իրենց պակասում է մինչև վերջ նվիրվածություն ցուցաբերելը, եւ մի բան պետք է ասեմ՝ ինչու չէ, ժողովրդից ներողություն խնդրելը: Ժողովուրդն ուզում է, որ Լևոնից մինչև Նիկոլ պատասխան տան: Այն լոզունգով, որ Նիկոլը եկավ իշխանության՝ կոռուպցիայի, կաշառակերության վերացում, թվում է՝ տարօրինակ է, բայց մինչև հիմա էլ ուժի մեջ է:

Մի բան կարող եմ ասել: Հայաստանում պետք է նոր ուժ, որի համար նշանակություն չունի նախկինները, ներկան, եւ ուղղորդի արդարամիտ քաղաքական գնահատականը: Ես խոսեցի Էդգար Ղազարյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի մասին, նա առաջարկեց իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնին, բայց տեսանք ՝ զրո արձագանք : Ինչու ոչ ոք չքննարկեց, չառաջարկեց նրա թեկնածությունը, ինֆորմացիոն վակում էր․․․: Իշխող ուժի թեկնածուի՝ Վահագն Խաչատրյանի պահով կասեմ, որ նրան բերում են , որովհետև համեմատաբար այնպիսի կերպար է, որ վերջին 3-4 տարիներին ընդգծված քաղաքական դեմք չէր, կոռուպցիայի մեջ թաթախված չէ, նա ավելի շուտ տնտեսական գործիչ է, այլ կերպ՝ եղածների մեջ ուտվողն է: Նա նախկին քաղաքապետ էր, մենեջեր, եւ ժողովրդի հիշողությունում որպես մենեջեր էլ մնաց: Բայց հատկանշական է, որ Խաչատրյանի առաջադրման ֆոնին շատ նպատակային կգործեր նաև Էդգար Ղազարյանի առաջադրումը, քանի որ տարիքային առավելություն, դիվանագիտական փորձ ունի, կառավարության մեջ եղած երիտասարդներից ամենից խելացին է, եւ ունի ընդդիմադիր հայացքներ, որը որոշ չափով կլրացներ այսօրվա իշխանության միանձնյա կառավարմանը : Բացի այս ամենը, իշխող թիմի ներսում պետք է, որ խժդժություններ չառաջանան: Չէ որ, քննարկվեց Արայիկ Հարությունյան, Տիգրան Ավինյան թեկնածուների հարցը, որոնք խմբավորումներ ունեն, իսկ այդ դեպքում՝ թիմային գզվռտվոցը գնալով խորանալու էր: 

Իրավիճակն ինչ-որ առումով նման է 90-ականներին, երբ Ղարաբաղից Ռոբերտ Քոչարյանին բերեցին՝ ընտրություններից հետո ժողովրդին հանգստացնելու»,- նշում է նախկին քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ այս ամենի մեջ շարունակում է իր ուրույն դերակատարումն ունենալ Հանրապետության առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Էքսցենտրիկ, փնթի, անշնորհք ղեկավարմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկված է աշխարհի ղեկավարների մոտ: Ոչ մի իրեն հարգող ղեկավար նրան չի վստահում :Բնականաբար, Նիկոլի հետևում բոլոր հարցերը լուծում է առաջին նախագահը, որի դերակատարությունը գնալով ավելի է մեծանում: Նիկոլը այսօր խամաճիկ է Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքը, նույն կերպ խամաճիկ է Լևոնի ձեռքը» :

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն