«Սպուտնիկ V»-ով պատվաստվելն անպտղությամբ չի սպառնում. պատվաստանյութի ստեղծող
Ռուսաստանի Դաշնության Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ այն մարդիկ, որոնք պատվաստվել են ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով, չպետք է անհանգստանան հետագա անպտղությամբ, գրում է eadaily.com-ը:
Նա պարզաբանել է, որ պատվաստանյութի բաղադրիչները ստեղծվել են ադենովիրուս 26-ի և ադենովիրուս 5-ի հիման վրա, որոնք մարդկության պոպուլյացիայում հայտնվել են շատ վաղուց:
Գիտնականի խոսքով՝ մարդիկ իրենց կյանքում տասնյակ անգամներ վարակվել են այդ վիրուսներով «թոքաբորբի, տարբեր աստիճանի սուր շնչառական վարակների տեսքով»: Նա վստահ է, որ նման ախտանիշները չեն կարող հանգեցնել անպտղության և այլ վերարտադրողական պրոցեսների խաթարմանը:
«Պատվաստանյութը բացասական ազդեցություն չունի»,- ասել է ակադեմիկոսը:
Գործակալությունը նշում է, թե ինչու է գիտնականը ստիպված եղել խոսել այդ մասին: Նշվում է, որ դա կապված է ՌԴ առողջապահության նախարարության մտադրության հետ՝ հաջորդ շաբաթվանից թույլ տալ պատվաստվել նաև հղի կանանց: