Կա՛մ խորհրդարանում արձանագրում ենք մեր կարմիր գծերը, հայեցակարգը, կա՛մ դա կատարվելու է խորհրդարանից դուրս․ Արմեն Ռուստամյան
Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Մենք հայտնվել ենք մեր երևի պատմական վերջին ժամանակաշրջանում ամենալուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում, երբ թուրքադրբեջանական տանդեմը անթաքույց հստակ հայտարարում է, թե ինչի է ձգտելու»,–ասաց նա և նշեց, որ այդ ձգտումները, շահերը հակասում են մեր պետական, ազգային շահերին։
«Մարտահրավեր է նետված, որոնք մենք կա՛մ անտեսում ենք, կա՛մ ոչ ադեկվատ օրակարգերով զբաղվում։ Թուրքիան և Ադրբեջանը ուղղակի արձանագրել են, որ չորս խնդիր լուծելու ուղղությամբ են առաջնորդվելու․ Հայաստանին պարտադրելու են ապօրինի բոլոր սահմանները ճանաչել, Ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում Արցախի հարցով և «Զանգեզուրի միջանցքի» ամրագրում»,–ասաց նա։
Արմեն Ռուստամյանը նշեց, որ սա գրվել է Շուշիի հայտնի հռչակագրի մեջ, և մենք չունենք դրան ադեկվատ արձագանք։ «Մեզ մնում է մեկ շանս․ կա՛մ այդ հարցը լուծում ենք այստեղ՝ խորհրդարանում և արձանագրում ենք մեր կարմիր գծերը, հայեցակարգը, կա՛մ դա կատարվելու է խորհրդարանից դուրս»,–ասաց նա։
Tert.am