ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը շարունակում է պնդել, որ իր կալանավորումը ապօրինի է եղել, իսկ առողջական վիճակը որոշակիորեն բարելավվել է, արդեն Ազգային ժողովում անցել է աշխատանքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չարչյանը խորհրդանում լրագրողների հետ զրույցում իր  կալանավորումը որակեց  ապօրինություն: «Դա հաստատվեց երկու փաստաթղթով, առաջինը՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որ ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի, իրավունք չունեին կալանավորելու, և երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով»,-ասաց Չարչյանը:

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ պատգամավորն ասաց, որ այն նկատելի կերպով որոշակիորեն բարելավվել է: «Արդեն կարող եմ անցնել աշխատանքի, գալ Ազգային ժողով և միևնույն  ժամանակ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով: ԱԺ աշխատանքն իմ աշխատանքային առաջնահերթությունը չէ, աշխատանքային առաջնահերթությունը բժշկությունն է»,-ասաց Չարչյանը՝ հավելելով, որ քայլելը իր համար դեռևս դժվար է:

Որպես ԱԺ պատգամավոր՝ նա իրավունք ունի բժշկության մեջ զբաղվելու միայն գիտական և կրթական գործունեությամբ: «Այս ընթացքում մեծ հաճույքով զբաղվելու եմ Երևանի պետական բժշկական համալսարանի վնասնավածքաբանության, օրթոպեդիայի ամբիոնի աշխատանքներով»,-ասաց պատգամավորը:

«Իմ երազանքն  է վերադառնալ իմ վիրահատարան: Վիրահատարանի «գահից» իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին միայն մի նպատակով, որ կարողանամ առավել բարեկեցիկ, առավել լավ երկիր կառուցելու վրա ազդեցություն ունենալ: Երբ այդ ամենը կամփոփվի, ես հաճույքով կվերադառնամ իմ վիրահատարան»,-ասաց Չարչյանը:

Նա վստահեցրեց, որ իր քաղաքացիական դիրքորոշումը, իր ուղղվածությունը, իր մտածելակերպը որևէ փոփոխության այս ընթացքում չեն ենթարկվել: «Կալանավորումն իմ հայացքների, մտածելակերպի, աշխարհայացքի, հոգեկան իրավիճակի վրա որևէ ազդեցություն չի թողել»,-ասաց Չարչյանը:

Հարցին՝ երկմտե՞լ է խորհրդարան վերադառնալու համար՝ նա բացասական պատասխան տվեց:

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Դեկտեմբերի 10-ին դատարանը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն