Սեւանցի ծանրորդուհին արծաթե մեդալ է նվաճել Հայաստանի առաջնությունում
Սեւանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Ալինա Սուքիասյանը վերջերս կայացած Հայաստանի ծանրամարտի առաջնությունում կրկին փայլել է իր մարզական եւ կամային որակներով՝ նվաճելով արծաթե մեդալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից` Ալինա Սուքիասյանը մասնակցել է ՀՀ մեծահասակների տղամարդկանց եւ կանանց ծանրամարտի առաջնությանը եւ 64 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 162 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել երկրորդ պատվավոր տեղը։
«Սա Ալինայի համար հերթական առաջնությունն էր, որտեղ մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը կրկին տոնեց հաղթանակ։ Նախորդ նվաճումը նա ունեցավ 2021 թվականին Երեւանում կայացած ծանրամարտի բաց առաջնությունում՝ երկամարտի 158 կիլոգրամ արդյունքով զբաղեցնելով առաջին տեղը։ Ալինան այժմ սովորում է Սեւան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում, ընդգրկված է Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում։ Մենք մեծ հույսեր ենք կապում շնորհալի մարզուհու հետ»,- դպրոցական մարզուհուն ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան
Armenpress.am