Սա վերջնական տանելու է մեր երկրի կործանմանը, պետականության կորստին
Փաստաբանները շատ հանգամանալից ամեն ինչ ներկայացրել են, նաև գրավի առաջարկ են արել ու հիմա այստեղ մնում է մի բան, թե արդյոք դատավորը կենթարկվի հերթական ճնշումներին, թե ոչ, կիրականացնի արդարադատություն, թե ոչ:
Այդ ակնկալիքը միշտ կա, բայց այս վերջին օրերի իրադարձություններն արդեն ակնհայտ են դարձնում՝ Հայաստանում դատարաններն, առհասարակ, ուժային կառույցները դարձել են բութ գործիք Նիկոլի բռնապետությունը Հայաստանում հաստատելու համար։ Այսինքն՝ այսօր անկախ դատավորներին դատում են միայն նրա համար, որ իրենք ընդդիմադիրներին ապօրինի չեն դատում: Այս մասին քիչ առաջ ի աջակցություն Գորիսի Համայնքապետ Առուշ Առուշանյանի մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Սա խայտառակություն է, և միջազգային հանրությունը, իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետևում են այս իրավական խայտառակությանը, բնականաբար, մենք մեր բոլոր ուժերով, հնարավորություններով պայքարելու ենք այս ամեն ինչի դեմ, քանի որ սա վերջնական տանելու է մեր երկրի կործանմանը, պետականության կորստին»,- ասաց Սաղաթելյանը։
Hraparak.am