ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահի՝ Հայաստանի մասին արված հայտարարություններին` նշելով, որ գործընկեր պետության ղեկավարը նման հայտարարություններով չպետք է հանդես գա։

«Սա նոնսենս է և միջազգային պրակտիկայում սկանդալային դրվագներից մեկը կարող է համարվել։ Պատճառները պետք է մեր մեջ փնտրենք, մենք ենք չէ՞ տեղիք տալիս, որ մեզ հետ քամահրանքով խոսեն։ Խոսքը միայն Լուկաշենկոյի մասին չէ, մեր հարևան պետության ղեկավարը հենց առիթ է ունենում, ոչ միայն այդ ոճով է խոսում, այլև նվաստացնում, վիրավորում է մեր պետությանը, բնականաբար սա մեր նվաստացած վիճակի արդյունք է։ Լուկաշենկոն այն անձնավորություններից է, որ շատ հաճախ ինչ մտածում է, այն էլ ասում է, սա խոսում է ներքին լուրջ խնդիրների մասին և այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետևում։ Աշխարհը տեսնում է Փաշինյանի վերաբերմունքը իր դիվանագիտական կորպուսի նկատմամբ, անլուրջ մոտեցում է ձևավորվում, արդյունքում պետությունը կորցնում է իր հեղինակությունը, սա առիթ է, որ ինքներս մեր մեջ վերլուծենք մեր սխալները և հասկանանք, որ այսպես չի կարելի»,- ասաց Ռուսատմյանը։

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանը կորցրել է իր միջազգային հեղինակությունը պարտվողական իշխանության վարած քաղաքականության պատճառով։

Հարցին` Բելառուսի նախագահի հայտարարությանը ի պատասխան հնարավո՞ր է «Հայաստան» դաշինքը բողոքի ակցիաներ իրականացնի Բելառուսի դեսպանատան դիմաց, Ռուստամյանը նշեց, որ պետք  չէ իշխանության գործառույթները դնել ընդդիմության վրա։

Խոսելով Հայաստանի`  Միութենական Հանրապետությանը մաս կազմելու մասին, Ռուստամյանը ասաց. «Հայաստանը իր ինքնիշխանությունը պետք է պահպանի և այնքան հզոր լինի, որ ինքը դա կարողանա որոշել, եթե մենք թուլանանք մեր տեղը դա կորոշեն, ու էլ չեն հարցնի, ինչպես կապիտուլյացիայի եղավ, եթե այսպես շարունակվեց այլևս ոչինչ չենք որոշելու։ Ելքն այն է, որ մեր ժողովուրդը պետք է իրավիճակը գնահատի ու փոխի այն, վերականգնի իր արժանապատվությունը և  ոտքի կանգնի»։

Արմեն Ռուսատմյանը ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը այսօր ունեն հստակ ռազմավարական շահեր, որոնց հետ մեր իշխանությունները խնդիր չունեն։

«Առանց, իբրեւ թե նախապայմանների կարգավորումը, բլեֆ է, գոյություն ունեն կատարված պայմաններ և այդ պայմաններն առաջադրողը Թուրքիան և Ադրբեջանն են, ու դա արձանագրել են Շուշիի հռչակագրում, հիմա էլ հետևողական գնալու են Զանգեզուրի հարցի հետևից, այստեղ էլ մենք գտնվում ենք անորոշ վիճակում։ Սրան համապատասխան հայեցակարգ պետք է հրապարակենք»,- հավելեց Արմեն Ռուստամյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն