Մարդիկ, որոնք օրենքին ասում են այո, Փաշինյանին` ոչ, ենթարկվում են հետապնդման. Մխիթար Զաքարյան (տեսանյութ)
Որևէ մեկը իրապես հավատո՞ւմ է, որ ես, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը և ապօրինի հետապնդվող մեր մյուս գործընկերները հանցագործություն ենք կատարել։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
«Գաղտնիք չէ, որ իրավունքի շղարշի տակ իրականացվող ապօրինությունները դարձել են այս իշխանությունների այցեքարտը։ Սիրո և հանդուրժողականության կարգախոսով ու վենդետաներ չանելու կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյան և ՔՊ-ական խմբակը հակառակը ապացուցեցին։ Սիրո և հանդուրժողականության փոխարեն հասարակությունը ստացավ «սևերի, սպիտակների» բաժանում, երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտը աննախադեպ է, ինչքան շատ են ձախողվում, այդքան աճում է քաղբանտարկյալների և քաղհալածյալների թիվը Հայաստանում։ Ես և իմ երկու գործընկերներ Արմեն Չարչյանը և Արթուր Սարգսյանը տևական ժամանակ եղել ենք կալանքի տակ` ի հեճուկս Սահմանադրության և օրենքների»,– ասաց նա։
Զաքարյանը նշեց, որ այն մարդիկ, ովքեր օրենքին ասում են այո, իսկ Փաշինյանին` ոչ, ենթարկվում են ապօրինի հետապնդման։ «Այս ամենը փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես քաղաքական ռեպրեսիա, ընդ որում հրապարակային ցույց տալու համար մյուսներին` կա՛մ հնազանդվում ես գործող իշխանությանը, կա՛մ քեզ նույնպես կկալանավորենք։ Ես եկել եմ ասելու, որ Սյունիքը երբեք ոչ ոքի չի զիջվելու»,- ասաց Մխիթար Զաքարյանը։
Tert.am