Արդեն տևական ժամանակ է` արծարծվում է միջազգային հարթակներում Թուրքիայի արտաքին քաղաքական նոր նախաձեռնությանը` Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության հարցը։ Չավուշօղլուի հրավերին Հայաստանը իր կարծիքով տվել է խուսափողական պատասխան`առայժմ չհաստատելով վերջնական մասնակցությունը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

«Պաշտոնական Երևանի կողմից իբր դիվանագիտություն խաղալը, ո՛չ այո, ո՛չ ոչ գործելաձևը, Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները ամբողջովին բավարարում են թուրքական կողմին, որն էլ արտաքին հարթակներում ու միջազգային մամուլում այն օգտագործում է սեփական նպատակների համար»,– ասաց նա։

«Վերջին օրինակը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի կողմից «A Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այն հայտարարությունն էր, թե Փաշինյանը ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, ու այս հայտարարությունը` «Փաշինյանը  մարտին գալիս է Թուրքիա» գլխագրում լուր դարձավ ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում։ Գրոշի արժեք չուներ հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հերքումը, թե Փաշինյանի այցը չի նախատեսվում։ Հարց է առաջանում` «ջուրը չտեսած, ինչո՞ւ են բոբիկանում Երևանում», ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը»,– հավելեց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը նշեց, որ 2021-ին թուրքական այս ֆորումը եվրոպացիներն արհամարհեցին, Ռուսաստանը բոյկոտեց։ «Ո՞վ է Միրզոյանին ու Ռուբինյանին խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին, մնում է անհայտ»,- ասաց նա։ 

ԳԵղամ Մանուկյանի կարծիքով՝ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են ծուղակում հայտնվել այդ ֆորումի ժամանակ։ «Հանկարծ միջանցքներից մեկում նրանց կարող է մոտենալ նախորդ ֆորումի մասնակից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Արցախի  ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, ո՞վ է դրա քարոզչական հարվածին դիմագրավելու, սրանց պատասխանները հայ պաշտոնյաները չունեն վստահաբար»,– ընդգծեց նա։ 

Անդրադառնալով Գեղամ Մանուկայնի ելույթին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ տեղ գնում ենք։ Այս պահի դրությամբ ես և Արարատ Միրզոյանն ենք հրավիրված նշված միջոցառմանը և ինչպես բազմիցս նշել ենք` որոշում կայացված չէ, ինչը նշանակում է կարող է գնանք, կարող է չգնանք։ Երբ որոշումը կայացվի, կզանգեմ, կասեմ, առաջինը Դուք կիմանաք»,- ասաց Ռուբինյանը։ 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն