Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթակոմիտեի և Եվրամիության ժողովրդավարական գործընթացներին օտարերկրյա միջամտության հարցերով հատուկ կոմիտեի համատեղ նիստում քննարկվել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և Բաքվի միջամտությունը ԵՄ քաղաքականությանը: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։

Իր ելույթում ադրբեջանցի նախկին դիվանագետ, այժմ քաղաքական էմիգրանտ և ակտիվիստ Արիֆ Մամեդովը փաստել է, որ եվրոպական ինստիտուտները հաճախ աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման և կոռուպցիայի վրա, ինչը, նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների լոբբիստական գործունեության արդյունք է: Նա հիշեցրել է «խավիարային դիվանագիտության», «Լանդրոմատի» և այլ սկանդալների մասին՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի փաստերի հետաքննությունն այդպես էլ լուրջ արդյունքներ չտվեցին, բացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի քրեական հետապնդումից:

«Սկանդալում ներգրավված շատ այլ մարդիկ դեռ մտնում են Եվրոպայի Խորհուրդ», – ասել է Մամեդովը:

Բլոգեր Միրզալին պատմել է Ադրբեջանում իշխանության քննադատների հետապնդումների մասին, այդ թվում՝ Եվրամիության տարածքում: Նա ինքն է ֆիզիկական հարձակման ենթարկվել Ֆրանսիայում։

Նշվում է, որ հանդիպմանը արծարծվել են նաև Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Արևելյան գործընկերությանը Ադրբեջանի անդամակցության նպատակահարմարության, պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու հնարավոր գործիքների, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը:

Լսումների մասնակիցները կոչ են արել ԵՄ-ին 2 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն չտրամադրել Ադրբեջանին՝ այդ միջոցների օգտագործման թափանցիկության երաշխիքների բացակայության պատճառով: Նրանք նաև մտավախություն են հայտնել, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրում առաջին պլան են մղվելու էներգետիկայի հարցերը՝ ի վնաս մարդու իրավունքների: Նշվել է համաձայնագրի նախնական տեքստի հրապարակման անհրաժեշտությունը։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն