ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ հունիսի 20-ին ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ և այդ կարգավիճակը իրացնելու է քվեարկությունը կատարելու միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին անպայման գնալ ընտրական տեղամասեր, կատարել ընտրությունը, և ձևավորել կառավարություն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև ներկայացրեց ընտրություններում քվեարկություն կատարելու գործընթացը:

«Երբ մտնեք ընտրական տեղամաս, ձեզ տրվելու է քվեաթերթիկների տրցակ՝ ընտրություններին մասնակցող ուժերի թվաքանակով, որովհետև ամեն ուժ ունի իր առանձին քվեաթերթիկը և դուք քվեարկություն կատարելու համար պետք է վերցնեք այդ քվեաթերթիկներից որևէ մեկը, որոնցից յուրաքանչյուրը ունի իր համարը: Քվեաթերթիկը ընտրելով՝ դնում եք ծրարի մեջ, մյուս քվեաթերթիկները լցնում եք  չօգտագործված քվեաթերթիկների արկի մեջ: Հետո մոտենում եք քվեատուփին, քվեատուփի մոտ դրոշմապիտակ եք կպցնում, որից հետո քվեաթերթիկը նետում եք այն քվեատուփի մեջ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց՝ գրիչով որևէ գրառում, նշում քվեաթերթիկի վրա չի կարելի անել, որովհետև գրիչով նշումով քվեաթերթիկները ճանաչվելու են անվավեր: «Հաջորդ դիտարկումը, որ ուզում եմ անել, հետևյալն է. ընտրությունների քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտելը, այդ թվում՝ քվեաթերթիկը կամ քվեաթերթիկների տրցակը դուրս հանելու տեսքով, նախատեսված է քրեական օրենսգրքով և դա քրեական հանցագործություն է համարվում, դրանով նախատեսվում են որոշակի պատիժներ:

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հույս ունեմ և համոզված եմ, որ ուժեղ եք: Ինչու եմ այսպես ասում, որովհետև հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետև նրա կատարած սկզբունքային ընտրությունը հստակ և աներկբա արձանագրվելու է ընտրական ամփոփիչ արձանագրություններով: Հույս ունեմ և համոզված եմ, որ կգնաք ընտրական տեղամասեր, կկատարեք ձեր վճռական ընտրությունը, կկայացնեք ձեր վճռական որոշումը և Հայաստանի Հանրապետության համար կբացեք նոր էջ, ի վերջո, հաղթահարելով այն քաղաքական ճգնաժամը, խժդժությունները, որոնք վերջին յոթ ամիսների ընթացքում ձևավորվել են: Եվ ուրեմն իմ կոչը, խնդրանքը, հորդորը՝ անպայման գնալ ընտրական տեղամասեր և կատարել ընտրություն»,- եզրափակեց Փաշինյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն