ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Կնյազյանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման սպառնալիքի մասին է հայտարարել: Վերջինս ելույթ է ունեցել ՄԱԿ-ում կայացած «Կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության, խաղաղության և համերաշխության, խտրականության, ատելության և այլատյացության դեմ պայքարի մեջ պահպանվող խնդիրների ուսումնասիրության» նիստում։

«Մենք շարունակում ենք հետևել Ադրբեջանում ատելության դիսկուրսի աճին, ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, պետության կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավներին և կեղծ պատմական կառույցների առաջխաղացմանը, որոնք ուղղված են էթնիկ և կրոնական խմբերի և նրանց ժառանգության ոչնչացումն իրենց պատմական հայրենիքում արդարացնելուն և թաքցնելուն»,- ասել է Կնյազյանը:

Նա նշել է, որ Արցախում հայ ժողովրդի հարուստ ժառանգությունն արտացոլող դարավոր վանքերը, եզակի խաչքարերն ու մշակութային այլ հուշարձանները քանդվում, վանդալիզմի կամ ապօրինի յուրացման են ենթարկվում՝ խեղաթյուրված պատկերացում տարածելու նպատակով, թե հայ ժողովուրդն օտար է տարածաշրջանում:

«Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքներում միջազգային ներկայության բացակայության պայմաններում անցկացվում է պետության կողմից կազմակերպված հայկական կրոնական և մշակութային ժառանգության պղծման և ապօրինի յուրացման, պատմական հայկական տեղանունների կեղծման և վերանվանման արշավ»,- ասել է ՀՀ ներկայացուցիչը։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն