Ազգային  ժողովը փետրվարի 9-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիրը, որը նախատեսված է 2021-2027 թվականների համար, 2014-2020 թվականներին  իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է: Ծրագրին Հայաստանի մասնակցությունն սկսվել է 2016 թվականից՝ «ՀՀ եւ ԵՄ միջեւ «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրմամբ:

«Հորիզոն 2020» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման մեջ եւ  ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ է ընձեռել: «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված երկրների շարքում Հայաստանի մասնակցության հաջողության գործակիցը կազմել է 11,81 տոկոս. ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր է ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ:

Համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:

Ակնկալվում է, որ ծրագրին մասնակցությունը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար, կնպաստի եվրոպական գիտական տարածքում հայ գիտնականների հետագա ինտեգրմանը, կընդլայնի ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունները:

Համաձայնագրին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Մերի Գալստյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն