Հայրապետյանի հաշվին իրականացվել է ՀՖՖ-ի 22 թռիչք, վճարվել է արտասահմանցի մարզիչների աշխատավարձը, նվիրատվություն արվել 228 մլն դրամ, 103 հզր դոլար, զավեշտ չէ՞ 18 մլն դոլարի վատնման մեղադրանքը. Մակինյան
Այս տարվա հունվարին վարույթ իրականացնող մարմնին նամակ եմ ուղարկել, որտեղ ցույց եմ տվել, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ամրամ Մակինյանը։
«Փաստաթղթավորված ներկայացրել եմ 22 չարտերային թռիչք, որոնք իրականացվել են 2006-2015թթ. ընթացքում և որոնք կազմակերպվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի`այլ երկրներ տեղափոխման համար։ Խնդրել եմ քննիչին պարզել` այս թռիչքների համար ՀՖՖ-ն մեկ դրամ ծախս կատարե՞լ է, թե՞ ոչ, որ Հայրապետյանին մեղադրում են 18 մլն դրամի վատնում կատարելու մեջ։
Անձը կազմակերպել է 22 չարտերային թռիչք, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումարի մասին է խոսքը։ Խնդրել եմ պարզել, թե ով է վճարել ֆուտբոլի հավաքականի արտասահմանից հրավիրված մարզիչների ու իր թիմի աշխատավարձերը, այս ամենը վճարվել է Հայրապետյանի հաշվին, չի կարելի մարդուն մեղադրել 18 մլն վատնելու մեջ, երբ այդ մարդը կազմակերպում է 22 չարտերային թռիչք։ Միայն Հենկ Վիսմանը Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցներից որպես աշխատավարձ վարձատրվել է 96.000 դոլար։
Ավելին ասեմ, Հայրապետյանի անձնական միջոցներից ՀՖՖ-ի հաշիվներին և դրամարկղ մուտքագրվել է 228 մլն դրամ և 103 հազար ԱՄՆ դոլար որպես նվիրատվություն։ Մենք խնդրել ենք քննիչին հարցաքննել ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին և պարզել` Հայրապետյանի անձնական միջոցներից իրենց պարգևավճարներ տրվե՞լ են, թե՞ ոչ, ընդ որում՝ ամեն խաղից հետո, հանդերձարանում։
Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո, երբ Հայաստանը հաղթեց, Ռուբեն Հայրապետյանը ամբողջ հավաքականին՝ մարզիչներից սկսած կես միլին դոլար կանխիկ պարգևատրում է կատարել, հիմա զավեշտ չէ՞ 18 մլն դոլարի վատնման մեղադրանքը»,- ասաց Մակինյանը։
Վերջինս հույս հայտնեց, որ այս եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն ավելի լուրջ կմոտենա հարցին, և ներկայացված մեղադրանքները կվերանան։
Փաստաբանը շեշտեց, որ երբ քրեական գործերը հանգուցալուծվեն, պահանջելու են ֆինանսական և բարոյական փոխհատուցում, որը տվյալ պարագայում պետք է հատուցեն Գլխավոր Դատախազությունը և Ֆինանսների նախարարությունը։
Tert.am