Միութենական պետությունը բաց է բոլորի համար․ Զախարովան՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
Միութենական պետությունը բաց է բոլորի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նա (Լուկաշենկոն) չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին»,- ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով ՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է։
Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, փակ չէ, նախատեսում է դրան այլ մասնակից պետությունների միանալու հնարավորություն, այդ տեղեկատվությունը վաղուց հայտնի է, ոչ մի գաղտնիք չկա:
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, որ առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնական Ասիայի այլ պետություններ։ Անդրադառնալով Հայաստանին՝ Լուկաշենկոն նշել էր․ «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի հասցեին արված հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանաի ժամանակ ասել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը հաստատել է տեղեկությունը, որ մեր երկրում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան են փոխանցվել ՀՀ դիտարկումները։ «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն ու դիտարկումներն այն մասին, որ երկու երկրների հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, միմյանց սուվերենությունը, ինչպես նաև այն իրավապայմանագրերը, որ մեր երկրների միջև կան»,- կարևորել է նա։
Armeniatoday.news