ՔՊ-ն մի կերպ անցկացրեց սահմանադրական օրենքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարողացավ մի կերպ անցկացնել ՀՀ օրենքների նախագծերը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցի քվեարկությունը. բանն այն է, որ սա սահմանադրական օրենք է, եւ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 76-րդ հոդվածի, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը 65-ն է, իսկ նախագիծը երեկ ընդունվեց 66 կողմ ձայնով, այսինքն՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։ Նախ նշենք, որ այս օրենքով Վճռաբեկ դատարանում ստեղծվելու են քաղաքացիական եւ վարչական պալատներ։
Այսպիսով, ուսումնասիրելով քվեարկության պատկերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ բացակաների թվում են եղել Ալեն Սիմոնյանը (կատարում է նախագահի պարտականությունները), Գուրգեն Արսենյանը (կողմ քվեարկության մասին գրություն էր թողել), Տաթեւիկ Գասպարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը եւ Քրիստինե Պողոսյանը։ Նկատենք՝ երեկ քվեարկված մի քանի նախագծերի դեպքում կային ՔՊ-ականներ, որոնք չէին մասնակցել, սակայն սահմանադրական օրենքի դեպքում մի մարդու պես քվեարկել են։ Այսինքն՝ սահմանադրական օրենքներ անցկացնելու պարագայում ՔՊ-ն կարող է բախվել խնդրի եւ մի կերպ անցկացնել դրանք։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
ArmLur.am