Մարտից փակ տարածքներում, սննդի օբյեկտներում կարգելվի ծխելը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը:
Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են նիկոտին պարունակող արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ հունվարի մեկից արգելել են առևտրի կետերում, խանութներում ծխախոտի ցուցադրություն-գովազդը։
Ձայն խնդրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը, դիմելով նրան, կոչեց՝ «ծխելը թարգել պատրաստվող նախարար»։
Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե մասնագիտացված ծխախոտի խանութներում ինչպե՞ս է իրականացվում վաճառքը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ տարբերություն չկա, նույն կարգավորումն է։
Նա հայտնեց նաև, որ մարտից փակ տարածքներում ծխելու արգելք են սահմանել, սննդի փակ և բաց օբյեկտներում։ Նա նշեց, որ հավասարեցրել են ծխախոտը և ծխախոտին փոխարինող արտադրանքները, որի նպատակը հանրային առողջության պահպանումն է:
Tert.am