Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգված հ. 36 մանկապարտեզի վերաբացմանը
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից առաջինն արդեն պատրաստ է: 1970-ական թվականներին շահագործման հանձնված հ.36 մանկապարտեզը երբևէ չէր հիմնանորոգվել: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:
«Մենք ունենք ևս 14 մանկապարտեզ, որտեղ այս ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Մեր գործընկերների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև այս ծրագրի շարունակականության ապահովման հետ կապված հարցեր: Նախապատրաստական աշխատանքները կատարված են և, կարծում եմ, այս տարի կկարողանանք հավելյալ՝ նոր մանկապարտեզների մրցույթ հայտարարել: Դրանով մենք կհամալրենք հիմնանորոգված մանկապարտեզների շարքը, որոնք իրականացնում ենք և այս ծրագրի, և համայնքային բյուջեի միջոցներով»,- նկատել է Հրաչյա Սարգսյանը:
«Մենք ունենք նաև այլ նպատակներ և պատրաստվում ենք ծրագրեր իրականացնել ոչ միայն մանկապարտեզներում, այլ նաև հանրային այլ շենքերում, ինչպես, օրինակ, պոլիկլինիկաներում: Շատ լավ հիմքեր ենք դրել և դրա հիման վրա շարունակելու ենք մեր հաջող համագործակցությունը»,- ասել է Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանը:
«Եթե նույնիսկ երեխաները դրսից են նայում այս մանկապարտեզին՝ անպայման ուզում են գալ այստեղ: Իհարկե, ներքին հարդարանքը նույնպես հավասարաչափ տպավորիչ է: Շատ ուրախ եմ, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նույնպես իր նպաստն է բերել այս ծրագրի իրականացման գործում»,- նշել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նատիա Նատսվլիշվիլին:
Ծրագրով մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի ածխաթթու գազի արտանետման ծավալը:
«Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը գնահատում եմ բավականին լավ: Մեր նպատակն է եղել այս ծրագրով երեխաների համար ապահովել այն պայմանները, որոնք կձգտենք ստեղծել բոլոր մանկապարտեզների սաների համար: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք պետք են երեխաներին, առկա են այստեղ և մենք բավական գոհ ենք արդյունքից: Մեր ծրագրերին շարունակական բնույթ հաղորդելու համար պետք է ավելիին ձգտենք: Մենք հոգատար վերաբերմունք ունենք շրջակա միջավայրի պահպանության խնդրում և կլիմայի փոփոխության մարտահրավերների առնչությամբ ակտիվ գործունեություն ենք ծավալում: Ուստի՝ ակնկալում ենք ավելի շատ տեսնել «կանաչ»-ը կառավարման ոլորտում և անհամբերությամբ ենք սպասում նաև Երևանի «կանաչ» ավտոբուսներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Պլանավորում ենք, որ 2023թ. ավարտին արդեն մեր մանկապարտեզների գոնե 50 %-ն ամբողջությամբ հիմնանորոգված լինեն: Այս ծրագրով մենք ուղղահայաց միջոցառումներ ունենք, որոնք հնարավորություն են տալու բոլոր մանկապարտեզներում, անկախ նրանից՝ վերանորոգված են թե ոչ, տեղադրել արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ: Դրանք կնվազեցնեն կոմունալ ծախսերն ու հնարավորություն կտան սպասարկել համայնքի վերցրած առաջին ոչ սուվերեն վարկն ու ավելի բարեկարգ միջավայր ապահովել երեխաների համար: Կարծում եմ, մենք համատեղ ուժերով՝ միջազգային գործընկերներ, համայնք, կառավարություն, հնարավորություն կունենանք իրականացնել բազում այլ ծրագրեր»,- նշել է քաղաքապետը:
Որպես կարևոր բաղադրիչ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրում առանձնակի ուշադրություն է հատկացվում նաև շենքերի սեյսմիկ ամրացմանը: Հ. 36 մանկապարտեզում շուրջ 260 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ:
Tert.am