«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմնակիցներ տասնյակներով բերման են ենթարկվում, հատկապես՝ այսօր առավոտվանից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Ապօրինի ճնշումները, քրեական հետապնդումները՝ քաղաքական ենթատեքստով, հատկապես ուժգնացել են երեկվանից և այսօր առավոտվանից։ Մենք ունենք նաև ձերբակալվածներ, մոտավորապես՝ 3 տասնյակ անց այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, կոնկրետ դեպքերում իրականացվել են նաև խուզարկություններ»,- ասաց նա:

Հակոբյանը պատմեց, որ  իրավապահ մարմինները մուտք են գործել Վայոց Ձորում իր աշխատանքը կատարող պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարան՝ խուզարկության նպատակով․ «Իրականացրել են խուզարկություն թե՛ բնակարանում, թե՛ գրասենյակում, թե՛ մեքենայում։ Մի քանի ժամ տևել է խուզարկությունը, ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է։ Հիշեցնեմ, որ պատգամավորի թեկնածուն օգտվում է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նրան հնարավոր է ձերբակալել միայն, եթե անձը գտնվում է ենթադրյալ հանցանքը կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ գտնվել են ժամեր։ Չի հայտնաբերվել որևէ ապօրինի իր, որևէ հանցակազմ պարունակող արարք ըստ էության չկա, անգամ որևէ կողմնակի ապացույց՝ դրա վերաբերյալ, և ակնհայտ է, անգամ առանց նախաքննական նյութերին ծանոթանալու, այստեղ քաղաքական հետապնդում է։ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է, նրա պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Գայանե Պապոյանը, ով նաեւ ժամանակ առ ժամանակ տեղեկություներ կտրամադրի»։

Բացի Գոռ Սեդրակյանից՝ ևս երկու անձ է ձերբակալվել:

«Մենք ունենք նաև հստակ դեպք՝ իրավապահ մարմինների կողմից ապօրինի գործողությունների՝ Հրազդանում: Մասնավորապես 40 հոգի ներխուժել են Հրազդանում «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակ, իրականացրել են խուզարկություն՝ առանց դատարանի սանկցիայի առկայության։ Սա ուղղակի ամենաթողություն է։ Ես ստիպված եմ լինել զուսպ, քանի որ այսօր լռության օր է, ես ստիպված եմ չտալ գնահատականներ,ա յլ զուտ ուղորդվել փաստերի գրանցմամբ»։

Նա հավելեց, որ Հրազդանում ևս գրասենյակը տակնուվրա անելուց հետո՝ իրավապահ մարմինների կողմից ոչինչ չի հայտնաբերվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն