Ինչո՞ւ է 1.5 տարի փակ Հայաստանի պատմության թանգարանը
Հանրապետության հրապարակի գլխավոր դռներից մեկը, որը տանում է դեպի պատմության թանգարան, արդեն 1 ու կես տարի փակ է։ Հայաստանի պատմության թանգարանը սկսել է վերանորոգվել 2020 թվականի աշնանը և մինչև օրս պատրաստ չէ ընդունել այցելուներին։ Տնօրեն Դավիթ Պողոսյանին հանդիպում ենք թանգարանում, որը որևէ կերպ պատմության պահոց չի հիշեցնում։ Պատմում է՝ վերանորոգումը սկսելուց 3 ամիս անց արդեն պետք է այցելուների ընդունեին, բայց պլանները փոխվեցին․ հուշարձան-կառույցում շինաշխատանք իրականացնելը փաստաթղթային երկարաժամկետ գործընթաց է ենթադրում։
«Բավականին կարճ մի ժամկետ էր նախատեսված՝ մոտ 3 ամիս, սակայն ընթացքում շատ խնդիրներ առաջացան՝ պատերազմական իրավիճակ երկրում, դրանից հետո նաև որոշակի խնդիրներ հուշարձան-կառույցի մասով, որովհետև կացայատուն կառուցելը և տեղադրելը պետք է իրականացվի համապատասխան ընթացակարգերով։ Շատ խնդիրներ բնականաբար ընթացքում ի հայտ եկան։ Այնուհանդերձ՝ իրոք երկարաձգվեց ամբողջ ընթացքը, հուսով ենք՝ երկարաձգումը հօգուտ թանգարանային կառույցի է»։
Շենքը, որում զրուցում ենք Պողոսյանի հետ, կառուցվել է նախորդ դարասկզբին՝ 1910-ականներին։ Ասում է՝ ավելի քան 100 տարեկան կառույց վերանորոգելը շղթայական խնդիրներ է առաջացնում։ Այժմ թանգարանը վերանորոգվում է ամբողջությամբ, մինչդեռ աշխատանքները սկսելու առիթը օդափոխության և ջերմախոնավային նոր համակարգի անցկացումն էր։ Հայաստանի պատմության թանգարանը շուրջ 400 000 նմուշ ունի։ Դրանք պահպանելու համար հատուկ պայմաններ են պետք։ Նմուշներն այժմ էլ թանգարանային տարածքում են, տնօրենն ասում է՝ անում են ամեն ինչ աշխատանքի ընթացքում դրանցից որևէ մեկին վնաս չհասցնելու համար։
«Այդ նմուշներն իրենց տեղում են։ Հնարավոր միջոցներով փորձել ենք պահպանությունը կազմակերպել, և թանգարանն աչալրջորեն հետևում է, որ աշխատանքների ժամանակ այդ նմուշները չվնասվեն։ Ցուցասրահներից մեծամասամբ դրանք տեղափոխվել են պահոցներ։ Ցուցասրահներում մնացել են այն նմուշերը, որոնք մի քիչ դժվար է տեղաշարժել, օրինակ՝ հսկայական քարե կոթողներ, որոնք տեղում կոնսերվացվել են, որ շինաշխատանքների ընթացքում նրանց հետ կապված որևէ անմիջական շփում չլինի»։
Պատմության թանգարանում հիմնադրման շրջանից մինչ օրս կայուն ջերմախոնավային համակարգ չի եղել, լուծումները տրվել են ըստ իրավիճակի ու մասնակի։ Վերաբացումից հետո այս խնդիրը լուծված կլինի։ Աշխատանքներն իրականացվում պետական ֆինանսավորմամբ, Պողոսյանը խուսափում է նշել՝ որքան գումար է հատկացվել դրանց համար։
Ի՞նչ միջոցներից և որքա՞ն գումար է հատկացվել թանգարանում աշխատանքներն իրականացնելուն։ ինչո՞վ է պայմանավորված երկարաձգումը։ Ե՞րբ է նախատեսվում շինաշխատանքների ավարտը, ինչպիսի՞նն է լինելու թանգարանը աշխատանքների ավարտից հետո։ «Ռադիոլուր»-ի այս հարցերին ԿԳՄՍ նախարարությունը դեռ չի պատասխանել։
Թանգարանի տնօրենն ասում է՝ մտահոգված են երկարաձգումից, հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, բայց նաև նշում է, որ վերանորոգումները թանգարանային աշխարհում նորմալ երևույթ են։
«Անշուշտ՝ կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց էսպիսինն է թանգարանային աշխարհը, սա միայն Հայաստանում չէ։ Աշխարհի տարբեր քաղաքներում, երկրներում կարող է ոչ թե 1, այլ 3-4 տարով թանգարանները, նույնիսկ երկրի գլխավոր թանգարանները փակվեն արդիականացման համար։ Այլ հարց է, որ թանգարանները փորձում են նաև այլ հարթակներում հասանելի լինել»։
Թե երբ կլինի արդեն 1,5 տարի հետաձգված վերաբացումը, թանգարանի աշխատակիցները դեռ չգիտեն։ Մինչ այդ փորձելու են ժամանակավոր լուծումներ գտնել։
«Առաջիկայում կփորձենք մաս-մաս վերաբացել թանգարանը։ Դա կարող է լինել 2 տարբերակով՝ ժամանակավոր ցուցահանդեսների տարբերակով այն հատվածներում, որտեղ ներքին որոշակի աշխատանքային պրոցեսներ ավարտվել են և նաև մասնակի-մշտական ցուցադրության այն հատվածներում, որտեղ նույնպես աշխատանքներն ավարտվել են»։
Երկար դադարից հետո առաջին ցուցադրությունը կլինի փետրվարի 19-ին՝ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով: Կցուցադրվեն Արտաշատի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված ու հազարամյակների պատմություն ունեցող գտածոները։
hy.armradio.am