Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում
Այսօր մեկնարկեց Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. Մարտակերտում` Թումոյի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Արցախի առաջին Թումո տուփի բացումը: Այս մասին հայտնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
«Բացման միջոցառմանը մասնակցում էին նաև Թումո Ստեփանակերտի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձառությամբ ու միասին իրականացրեցին մինի-նախագծեր:
Ողջունելով ներկաներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է. մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին և Ստեփանակերտի Թումոն վերածելով կրթական հանգույցի, որը լեցուն կլինի դասընթացներով, աշխատարաններով և նախագծերով»:
Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաև Ասկերանի և Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով:
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարևորեց Արցախում տեխնոլոգիական կրթության տարածումը. «Տեխնոլոգիական կրթության խրախուսումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում և սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունն անչափ կարևոր է Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերևացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ»։
17-ամյա մարտակերտցի Արման Դանիելյանը Թումո Ստեփանակերտի շրջանավարտ է և Թումոյի ռոբոտաշինության ոլորտի բազմաթիվ դասընթացների է մասնակցել: Նա այժմ աշխատում է Մարտակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում որպես խմբավար: Արմանը եկել էր Թումո տուփի բացման միջոցառմանը` իր քաղաքի պատանիներին շնորհավորելու․ «Ամենակարևոր բանը, որ ես սովորել եմ Թումոյում՝ ինքնուրույն մտածելն է: Շնորհավորում եմ երեխաներին տուփի բացման կապակցությամբ, սա մեզ շատ պետք է: Իրենք կմտածեն, կզարգանան, ու անպայման կօգտագործեն իրենց գիտելիքները թե՛ առօրյայում, թե՛ մեծ բաների հասնելով»:
Մարի Լու Փափազյանը նշեց նաև Թումո Հայաստան նախաձեռնության առաջիկա քայլերը. «Մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների արդյունքում մոտակա ժամանակներս մեր ցանցին կգումարվի ևս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև առկա կենտրոններին և կառուցվողներին կից 40 նոր Թումո տուփ»։
Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ:
Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։
Թումո Հայաստան նախաձեռնությունը իրականացվում է Եմենիջյան ընտանիքի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էլի և Էլզբիեթա Աքիլյանների, ինչպես նաև մեր մյուս բարերարների նվիրատվությունների շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ։
A1plus.am