Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:

Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:

Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձևավորելու Արցախում։

Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն