Նատալյա Ռոտենբերգը՝ նախկին մարզիկ, Տիգրան Արզաքանցյանի կինը, օրեր առաջ նշանակվեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին անձնապես հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով մեզ հետ զրույցում նկատեց, որ Ռոտենբերգը ոչ թե նշանակվել է, այլ՝ ընտրվել։

Նախաձեռնությունը հենց իրենն է՝ Ռոտենբերգինը։ Ֆեդերացիայի ներսում տեղի ունեցած քննարկումների, բանակցությունների արդյունքում որոշել են հենց նրան փոխնախագահ ընտրել, իսկ իրեն ընդամենը տեղյակ են պահել կատարած ընտրության մասին։ «Ես դրան չեմ խառնվել, որովհետեւ իմ սկզբունքը չմիջամտելն է ֆեդերացիաների գործողություններին, ի վերջո՝ մարզաձեւի պատասխանատուներն իրենք են, լավ կլինի՝ դափնեպսակներն իրենք կրեն, լավ չի լինի՝ մեղավորը ես կլինեմ։ Ֆեդերացիայի նախագահն ինձ ասաց՝ նպատակահարմար եմ գտնում մեկ տարի ժամկետով ընտրել ֆեդերացիայի փոխնախագահ գեղարվեստական մարմնամարզության գծով Նատալյա Ռոտենբերգին, ով ուզում է աշխատել, ուզում է գումար ներդնել ոլորտի զարգացման համար։ Իրենք իրար հետ համաձայնության են եկել, ես էլ որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ»,- ասաց Կ․ Գիլոյանը։

Այլ կերպ ասած՝ Նատալյա Ռոտենբերգը ոչ միայն ջանք է ներդնելու ոլորտի զարգացման համար, այլեւ՝ գումար։ Թե որքան, դժվարացավ ասել․ «Ես չգիտեմ ինչքան կներդնի, բայց ասել է, որ գումար էլ է ներդնելու, որովհետեւ, ինչպես ասաց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Ռոտենբերգը նպատակ ունի նաեւ դրսից մարզիչներ, խորեոգրաֆներ, բալետմայստերներ բերել, իսկ դրանք գումարի հետ կապված հարցեր են, այդ մարդիկ անվճար չեն գալու Հայաստան»։

Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է եւ հնարավորություն՝ երկիրն ու մարզաձեւը միջազգային ասպարեզում ներկայացնելու համար:

Արձանագրենք, որ պետությունը ձեւը գտել է` ամեն մի ֆեդերացիայի հոգսը դնել մի հովանավորի, իսկ Օլիմպիական կոմիտեի հոգսն էլ՝ Գագիկ Ծառուկյանի վրա եւ մի կողմ քաշվել` իր պարտականությունները դնելով այլոց ուսերին:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն