Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա է դարձել Երևան քաղաքի կենտրոնում կամ ընդհանրապես մայրաքաղաքում ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակելու, ինչպես նաև Երևան մուտք գործելու կամ քաղաքում սեփական մեքենայով երթևեկելու համար բարձր վճարներ սահմանելու առաջարկը։

Կարծում եմ՝ նման մոտեցումն անընդունելի է և ոչ միայն չի լուծելու առկա խնդիրները, այլև կարող է առաջացնել նոր սոցիալական լարվածություն։

Նախ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ տեղաշարժվելու իրավունք։ Այդ իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ դրա սահմանափակումները պետք է ունենան հստակ իրավական հիմք, լինեն համաչափ և հետապնդեն սահմանադրորեն արդարացված նպատակ։ Հետևաբար, ավտոմեքենաների մուտքը պարզապես բարձր վճարներով սահմանափակելու ցանկացած առաջարկություն պետք է նախ և առաջ ենթարկվի լուրջ իրավական գնահատման։

Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել ոչ թե քաղաքացիների գրպանին հարվածելով, այլ ժամանակակից, խելամիտ և միջազգային փորձով հիմնավորված մեթոդներով։

Աշխարհի բազմաթիվ երկրներում կիրառվում են երթևեկության կարգավորման տարբեր մեխանիզմներ։ Պետք է ուսումնասիրել այդ երկրների փորձը և ընտրել այնպիսի լուծումներ, որոնք արդյունավետ են, բայց միաժամանակ չեն ոտնահարում քաղաքացիների իրավունքներն ու չեն ստեղծում լրացուցիչ սոցիալական բեռ։

Մասնավորապես՝

1. Զույգ և կենտ համարանիշների սկզբունք։ Կարելի է քննարկել տարբեր օրերին զույգ և կենտ համարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կազմակերպման տարբերակը՝ համապատասխան բացառություններով։

2. Նոր շրջանցիկ ճանապարհների կառուցում։ Անհրաժեշտ է նվազեցնել կենտրոնով անցնող տրանսպորտային հոսքերը՝ զարգացնելով այլընտրանքային ճանապարհային ենթակառուցվածքները։

3. Կայանատեղիների խնդրի կարգավորում։ Պետք է վերանայել կենտրոնում կայանատեղիների կազմակերպումը, վերացնել ճանապարհների թողունակությունը խոչընդոտող և երթևեկությունը կաթվածահար անող կայանման սխալ լուծումները։

4. Բեռնատարների երթևեկության սահմանափակում։ Քաղաքի կենտրոնում բեռնատարների մուտքը կարելի է սահմանափակել որոշակի ժամերի՝ թույլատրելով բեռնափոխադրումները հիմնականում գիշերային ժամերին։

5. Ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպում։ Փողոցների վերանորոգման և շինարարական աշխատանքները հնարավորության դեպքում պետք է իրականացվեն գիշերային ժամերին, որպեսզի աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ խցանումներ չառաջացնեն։

Սրանք ընդամենը մի քանի տարբերակներ են, որոնք կարելի է մասնագիտական մակարդակով քննարկել, ուսումնասիրել և հարմարեցնել Երևանի առանձնահատկություններին։

Վստահ եմ՝ մեր քաղաքացիները շատ ավելի ըմբռնումով կմոտենան երթևեկության կարգավորման այնպիսի միջոցառումներին, որոնք հիմնված կլինեն արդարության, ողջամտության և հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։

Չի կարելի Երևանի երթևեկության տարիներով կուտակված խնդիրները լուծել քաղաքացիների վրա նոր ֆինանսական պարտավորություններ դնելով։

Մայրաքաղաքը բոլորինն է, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա Երևան ազատ մուտք գործելու ու տեղաշարժվելու հավասար հնարավորություն։

Պետք է ոչ թե մարդկանցից գումար գանձել իրենց քաղաք մուտք գործելու համար, այլ ստեղծել այնպիսի Երևան, որտեղ երթևեկությունը կազմակերպված է, ենթակառուցվածքները զարգացած են, իսկ քաղաքացիների իրավունքները՝ պաշտպանված։

Երևանի խնդիրը վճարների ավելացման մեջ չէ, այլ կառավարման և ճիշտ լուծումների բացակայության։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ