8 տարում Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ արդեն անեկդոտներ են պատմվում մարդ կալանավորելու թեմայով, կալանքը ծաղրում են։ Այս իշխանությունների միակ եւ ամենահզոր «գործիքը» հումորի առարկա է դարձել։ Անգամ բերդն ու կալանքը սրանք վարկաբեկեցին, արժեզրկեցին` մարդիկ այլեւս չեն վախենում նստելուց, նստելն ու նստացնելն այնքան սովորական է դարձել, որ ընդամենը մի քանի ժամ կամ մի քանի օր տեւած աղմուկից հետո բոլորը մոռանում են եւ նստած մարդուն, եւ այդ քրեական վարույթը՝ որքան էլ, որ ապօրինի ու վրդովվեցնող է եղել այն։ Օրինակ, ո՞վ է հիշում նշանավոր Չոռնիին՝ Երեւանի քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար, որն արդեն քանի ամիս է նստած է․․․նույնիսկ ակնհայտ քաղբանտարկյալների մասին մի 10 օրից միայն իրենց մերձավոր շրջապատն է հիշում։

Այնպես, որ այս «գործիքը» մաշվել է, հնացել, նոր բան է պետք մտածեն։ Օրինակ՝ կարող են ԱԱԾ-ին հրահանգել, որ փողոցներում մարդկանց՝ ընդդիմադիրներին գնդակահարեն, կամ՝ անչափահաս երեխաների ու կանանց հետ բերդ ուղարկեն, կամ ընդդիմադիրներին հավաքեն մի սենյակում, ասեն՝ վիճակ հանեք, թե ձեզանից ով է գնում բերդ։ Այ դա կլինի նոր ու «կրեատիվ»։

Բայց հարց կտաք՝ եթե իսկապես մաշվել է այս «գործիքը» եւ ցանկալի ազդեցություն չի ունենում, ինչո՞ւ է շարունակում կիրառել այն։ Նախ, կարծում եմ՝ նոր գործիք դեռ չի հորինել, ոչ մի նոր գաղափար, կրեատիվ միտք արդեն չի ծագում գլխում՝ սպառվել է, հոգնել է, ծերացել է, մտքի սրությունն է կորցրել։ Բայց դեռ հույս ունի, որ այնուամենայնիվ ինչ որ մարդկանց վրա դա ազդում է։

Ասենք՝ մի դասախոս են բռնում (Ալեն Ղեւոնդյան) մյուս դասախոսները որոշում են լռել, ֆեյսբուքում ակտիվ հրապարակախոս են կալանավորում (Արթուր Դանիելյան), գրառում անողների քանակը մի թեթեւ կրճատվում է, մարդիկ սկսում են բառերն ընտրել՝ իր հասցեին սեռական հայհոյանքներ, օրինակ, չեն գրում որոշ ժամանակ․․․ մի սփյուռքահայի մուտքն արգելում են Հայաստան՝ օդանավակայանից ապօրինաբար հետ ուղարկելով, մյուս սփյուռքահայերը սկսում են անհանգստանալ՝ կարո՞ղ է ես էլ գամ Հայաստան՝ չթողնեն հորս գերեզմանին այցելեմ, քրոջս տղայի հարսանիքին մասնակցեմ․․․մի բիզնեսմենի են կալանավորում, մեկի ունեցվածքն են սկսում խլել, երրորդի վրա մեծ տուգանքներ են դնում, բիզնեսմենները սկսում են մտածել՝ էս բեսպրեդելի պայմաններում մի տեղ սրան քննադատեմ, ինձ հետ էլ նույնը կանեն․․․

Ամենակարեւորը՝ երբ աբսուրդ մեղադրանք են առաջադրում՝ ինչպես Գագիկ Ծառուկյանի մեղադրանքն է, երբ հիվանդին կալանավորում են ու պատգարակով տանում-բերում դատարան՝ ինչպես Գագիկ Խաչատրյանին, երբ կին են կալանավորում՝ ինչպես Արեգնազ Մանուկյանին, երբ 3 տարի մարդուն փակում են բանտում, հետո իրենց իսկ ենթակա դատարանն արդարացնում է՝ ինչպես Մամիկոն Ասլանյանին, երբ հայր ու որդին, աներ ու փեսա են բանտարկում․․․մարդիկ մտածում են, որ սրանք Աստված, կարմիր գիծ ու սրբություններ չունեն, ամեն պղծության ունակ են ու ոչ մի կապ չունի՝ մեղք գործել ես, թե չէ․․․

Իսկ երբ պատահաբար լսում են, թե ինչ է խոսում Քննչական կոմիտեի նախագահը՝ ինչքան անգրագետ է ու վերադասի հրահանգները կատարելու համար ամեն ինչի պատրաստ, ինչ ժարգոնով ու ցինիզմով է արտահայտվում արդարադատության նախարարը, ինչպես է ԲԴԽ նախագահը շարքային ՔՊ-ականի նման հնազանդ մասնակցում Փաշինյանի կազմակերպած միջոցառումներին, ինչ անմռունչ հպատակներ են փոխվարչապետից մինչեւ պատգամավոր․․․հասկանում են, որ օրենքն, օրինականությունը մեր երկրում փոխարինվել են Նիկոլի կամքով ու հայեցողությամբ։

Հա, բերդ նստելը բարդ բան չի, վախենալու չի, մարդիկ բերդում էլ են ապրում, դուրս էլ են գալիս․․․ բայց երկիրը սկսում է կամաց մի մեծ բանտի վերածվել, պետությունը դառնում է մի անօրեն մարդու սեփականությունը, իսկ ազգը վերածվում է ամեն այլանդակության հետ հաշտվող հոտի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ