Ռուս գեղասահորդուհի, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկու գլխավոր հավակնորդ Կամիլա Վալիևային թույլատրել են շարունակել մրցումները` չեղարկելով փետրվարի 9-ին կիրառված ժամանակավոր սահմանափակումը։ Այս մասին Թեստավորման միջազգային գործակալության (ITA) մամուլի ծառայությանը հղում անելով հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 25-ին աղջկանից վերցրած դոպինգ թեստը դրական արդյունք է տվել տրիմետազիդին դեղամիջոցի նկատմամբ։

Վալիևան արդեն իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն է դարձել Պեկինի օլիմպիադայի թիմային մրցաշարում։ Հենց նա է թիմին բերել առավելագույն 20 միավորը` ռուսական թիմին թույլ տալով մեծ տարբերությամբ առաջ անցնել մոտակա մրցակից ԱՄՆ հավաքականից։ Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը պետք է կայանար փետրվարի 7–ին, սակայն հետաձգվել էր սկզբում մինչև փետրվարի 8–ը, այնուհետև անորոշ ժամանակով։

ՄՕԿ–ում հայտարարել էին, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը պահանջում է Չմշկասահորդների միջազգային միության (ISU) իրավաբանական խորհրդատվությունը։ Ավելի ուշ Insidethegames պարբերականը հայտնել էր, որ պարգևատրման արարողության հետաձգումը կապված է Վալիևայի դոպինգ թեստի հետ։

ITA–ում հաստատել էին, որ 2021–ի դեկտեմբերի 25-ին Վալիևայից վերցված թեստը դրական արդյունք էր տվել։ Այդ մասին Ստոկհոլմի հակադոպինգային լաբորատորիան ծանուցել էր փետրվարի 8-ին, որից հետո Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (РУСАДА) նրան ժամանակավորապես հեռացրել էր մրցումներից։

«Մարզիկը բողոքարկել էր ժամանակավոր արգելքը, փետրվարի 9-ին Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը որոշել էր այն չեղարկել։ Այսպիսով` մարզիկին թույլատրվել է շարունակել մասնակցել օլիմպիական խաղերին։ Տվյալ որոշման հիմնավորումը կարճ ժամանակում կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Auroranews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն