Ավելի գեղեցիկ և ավելի տաք: Դիլիջանում այս տարի բազմաբնակարան 11 շենք ամբողջությամբ կվերափոխվի՝ թե՛ ներսից, թե՛ դրսից՝ տանիքից մինչև նկուղ: Շինաշխատանքներն սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին:

Այս շենքում փոփոխությունը նկատելի է առայժմ ներսում՝ գրեթե բոլոր 9 հարկերում:

Մի քանի օրից կնորոգվեն հին ու քայքայված ջրահեռացման խողովակները, և այլևս տանիքից անձրևաջրերը ներս չեն թափվի, անկանոն խառնված էլեկտրալարերը սպառնալից չեն կախվի բնակիչների գլխավերևում: Բոլոր հարկերում կտեղադրվեն էներգախնայող լամպեր, նոր դռներ՝ ոչ միայն շենքերի մուտքերում, այլև բոլոր հարկերի միջանցքներում: Հընթացս նկուղային հարկերում նորոգվում են նաև կոյագծերը, իսկ դրսից շենքերը ջերմամեկուսիչ պատյան կունենան: Բնակիչները գոհ են գործի ընթացքից, այսպես երբևէ չի արվել, ասում են․

Մանուկ Դավթյան (Դիլիջան համայնքի բնակիչ) - 7-8 տարի կլինի՝ ապրում ենք, ես առաջին անգամ եմ տեսնում էսպիսի բարի գործ: Ձմեռը տաք է լինելու, ամառը՝ հով, շատ լավ գործ են կատարում: 

Քաղաքում բազմաբնակարան շենքերը նորոգվում և էներգաարդյունավետ արդիականացվում են սուբվենցիոն ծրագրով՝ մոտ 688 մլն դրամ արժեքով, որի 35 տոկոսը համայնքի ներդրումն է․

Դավիթ Սարգսյան (Դիլիջան համայնքի ղեկավար) - «Սուբվենցիոն և ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվում են աշխատանքներ, Էներգաարդյունավետ արդիականացում ծրագիրը: Մոտ 275 մլն-ը հատկացվել է պետբյուջեից, 240 մլն-ը՝ համայնքից, 172 մլն-ը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով: 

Համայնքապետի խոսքով՝ օրերը տաքանալու հետ աշխատանքներն ավելի կաշխուժանան: Եթե 2021 թ․ սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ուղղվել է ճանապարհաշինությանը, ապա այս տարի նախատեսվում է նաև մշակութային օջախների հիմնանորոգում:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

1Lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն