Երեկ մի խումբ մտավորականներ հանդիպել են ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ, քննարկել ինչ-ինչ հարցեր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւս ներկա է եղել հանդիպմանը: Երկու օր է համացանցը փոթորկվել է այդ հանդիպման մասին լուրից եւ նախագահական գնացած մտավորականներին են դատապարտում:

«Հրապարակը» կապ հաստատեց Միլիտոնյանի հետ` որոշ հարցեր պարզելու նպատակով: Չէ որ նա մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, հիմա հանդիպում է այդ թիմի երկրորդ դեմքի հետ, հյուրընկալվում նախագահական նստավայրում:

- Պարոն Միլիտոնյան, երեկ ի՞նչ հարցեր քննարկեցիք նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ:

- Դե երեւի տպված կլինի էլի ինֆորմացիան: Ուղղակի հրավիրել էին:

- Իսկ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էիք պահանջում: Հիմա ի՞նչ փոխվեց:

- Դուք հիմա Ալեն Սիմոնյանից եք խոսում, խնդրում եմ: Դուք հիմա հարցեր եք տալիս, ես Ձեզ պատասխանեմ` Դուք լսեք: Խոսել ենք մեր գրահրատարակչական խնդիրներից: մշակութային հարցեր, վերջ, էդքան բան: Դուք արդեն անձնավորում եք:

- Պարոն Միլիտոնյան, գուցե Ձեր որդու պաշտոնն է Ձեզ կաղապարել-կաշկանդել (Միլիտոնյանի որդին ԲՏԱ փոխնախարարն է):

- Ի՞նչ եք խոսում: Հետո ինչ: Դա ի՞նչ կապ ունի: Դուք այլ թեմաներ եք շոշափում: Ի՞նչ կաղապարվել: Ամեն մարդ մի աշխատանք է անում:

- Ֆեյսբուքյան արձագանքները, կարծես, հիմնականում բացասական էին: Ձեզ քննադատում են Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու համար: Կարդացե՞լ եք նմանօրինակ մեկնաբանություններ:

- Ֆեյսբուքում միշտ էլ արձագանքներ լինում են: Աստված բոլորի հետ: Ինչ մտածում են, թող ասեն: Բայց ինչ կապ ունի, թե մի պետական կառույց հրավիրում է ինձ: Եթե ինձ հրավիրում են մշակույթի նախարարություն, ես չպե՞տք է գնամ: Մենք քննարկել ենք գրահրատարակչական հարցեր:

- Ի՞նչ արձագանք ստացաք գրահրատարակչական հարցերի հետ կապված:

- Իմ փոխարեն Դուք մի մտածեք: Ընդունվեց մեր առաջարկը, կլինի որոշակի աջակցություն:

- Գումարի տեսքո՞վ:

-  Հիմա գիտեք ինչ, գումար ինձ չեն առաջարկել: Ես չգիտեմ, թե այն ինչ ընթացք կունենա: Եթե հնարավոր է հրատարակվեն գրքեր, լա՞վ է, թե՞ վատ: Ամեն բանի մեջ երեւի թե մտածեք մշակույթի մասին:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն