Հավկիթի շուկայում նորից գնի տատանումներ են: Մի քանի խոշոր սուպերմարկետներ սոցիալական էջերում արդեն հայտարարել են գնի նվազման ակցիաների մասին: 01 չափսի հավկիթի մեկ փչակը, նախկին 1800 դրամի փոխարեն, վաճառում են 1500 դրամով: 02 չափսինը 2100-ից դարձել է 1800 դրամ, 03-ինը՝ նախկին 2280 դրամի փոխարեն՝ 2130 դրամ: Եղել են տարիներ, երբ ձվի գինը նույնիսկ երկու անգամ է տատանվել. կա՛մ բարձրացել է, կա՛մ նվազել՝ ասում է թռչնաբույծների միության նախագահը:

Սերգեյ Ստեփանյան (Թռչնաբույծների միության նախագահ) - Արդեն երեք տարին մեկ կրկնվում է սա:

Շուկան կանոնակարգելու համար ինկուբատորով տոհմային տնտեսություններ պետք է լինեն, որը մեր երկրում չկա՝ ասում է Սերգեյ Ստեփանյանը: Յուրաքանչյուր տարի ներկրվում են մեկ օրական ճտեր, ածան հավերի գլխաքանակն ապահովելու համար հաճախ շատ են ներկրում: Դեռևս անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին երկիր է բերվել մեկ օրական հավերի մեծ խմբաքանակ: Հիմա թռչնաֆաբրիկաները սկսել են մեծ քանակով ձու արտադրել:

Սերգեյ Ստեփանյան - Արտադրման թվերը բավականին բարձր են, մոտավորապես չորս հազար արկղից ավել ձու է արտադրվում:

Մոտ 1 միլիոն 200 հազար հավկիթ: Տարեկան միջին օրական սպառումը կազմում է 980 հազար: Փորձը ցույց է տալիս, որ հունվար-փետրվարին հավկիթի սպառումը նվազում է՝ ասում է թռչնաբույծների միության նախագահը: Բացի դրանից՝ փոքր արտադրողները ևս ավելացել են:

Սերգեյ Ստեփանյան - Մտան նոր խաղացողներ նաև այդ շուկա, որոնք փորձ չունեին և, պետական աջակցությունից օգտվելով, սկսեցին զբաղվել ձվի արտադրությամբ:

Դեկտեմբերից սկսած՝ հավկիթի գնի աճ չի նկատվել: Թռչնաբույծների միության նախագահն ասում է, որ միջազգային շուկայում թռչնի կերի գինը ևս կայունացել է: Հայաստանում արտադրված ավելցուկ հավկիթը հիմա փորձում են արտահանել Ռուսաստան, մեկ բեռնատար արդեն արտահանել են, երկուսի փաստաթղթերը հաստատման փուլում են:

1Lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն