Ֆրանսիայում գտնվող Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրել է Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ, այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասերը» ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,- նշել է քաղաքապետը։

«Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,-  ընդգծել է Գլխավոր հանձնակատարը։

1Lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն