Դա միայն հայ լսարանի համար էր նախատեսված
Վերջերս, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադարձել է հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը եւ ասել է` «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։
Ինչու՞, այս աղմկահարույց հայատարարությանը պաշտոնական Երևանը չարձագանքեց։ «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ «Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է Պուտինի հետ եղած հարաբերություններով, և դրանով է պայմանավորված նրա չարձագանքելը։ Բնականաբար բոլորի համար էլ պետք է պարզ լինի, որ Լուկաշենկոն չի խոսում իր անունից, իր բերանով խոսում է Պուտինը։ Խնդիրը կոնկրետ Հայաստանի հետ կապված չէ, խնդիրը հետխորհրդային տարածքների, այդ հանրապետությունների և դրանց ղեկավարների հետ է կապված։ Եվ այս ամենը վառ արտահայտվեց Սոլովյով-Լուկաշենկո հարցազրույցի ժամանակ։ Լուկաշենկոն ըստ էության ուղղակիորեն խոսեց ողջ հետխորհրդային տարածքի մասին և ցույց տվեց, որ ինքը պատվիրակված է և շատ մեծ ցանկությամբ էլ իր պատվիրակված գործառույթը իրականացնում է, որպեսզի հետխորհրդային երկրների ղեկավարներին հասկացնի, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում և ինչպիսի դերակատարում է յուրաքանչյուրին տրված»,- ասաց քաղաքագետը։
Սարոյանը, գտնում է, որ այդ զարգացումները կապված են Ռուսաստանի վարած քաղաքականության հետ, որտեղ արդեն կենտրոնական տեղ է գրավում այդ նոր միության կազմավորման գործընթացը։ Հիմա անգամ որոշակի նրբություններ Լուկաշենկոն ի ցույց դրեց, որ ըստ էության կպահպանվի սուվերենության ինչ-որ ատրիբուտիկա և այլն։ Բայց, ըստ էության, ցույց տրվեց, որ այդ նախկին խորհրդային տարածքի միավորման գործընթացը` ըստ Պուտինի, ըստ Ռուսաստանի պետք է կյանքի կոչվի և հետդարձ չկա դրան։
«Այս տեսանկյունից է պետք հարցին նայել։ Դա ոչ թե Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև խնդիր է, այլ շատ ավելի մեծ մասշտաբի գործընթաց, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության,ինչպես և հենց Լուկաշենկոն էլ ասաց, որ «Նիկոլ Վովայեվիչը այլ կերպ էր նայում, բայց ոնց որ դաս է առել», և եթե դաս է առել, բնականաբար ինչպես կարող է պատասխանել։ Երբեք էլ չի պատասխանի, նա այն կերպարը չի, որ կպատասխանի։ Նա ամենահարմարված կերպարն է»,- «Հրապարակին» ասաց քաղաքագետը։ Մեր այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենա հայ քաղաքական և այլ գործիչների արձագանքը եւ վերջին օրերին բարձրացած աղմուկն այս թեմայի շուրջ, քաղաքագետը պատասխանեց. «Մնացածն արդեն այլ բան է, որ առյուծ կտրած պատգամավորները, և ՔՊ-ի ինչ-որ այլ պաշտոնյաներ, փորձում են ցույց տալ, իբրև թե Հայաստանն ունի ձայնի իրավունք, դա արդեն ուրիշ հարթություն է։ Այդ խոսակցություններն արտաքին լսարանին ոչ էլ հասնում են։ Դա միայն հայ քաղաքական «կարկառուն» գործիչները կարող են պատկերացնել, որ իրենց դրսում լսող կա, և իրենց խոսքը արժեք ունի, բացարձակ։ Միայն հայ լսարանին ասելու համար էր ընդամենը ցույց տալու համար, որ իրենք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար և նման կարգի վիրավորանքներին արժանի պատասխան են տալիս»։
Նարինե Ղուկասյան
Hraparak.am