Բոլոր ծառայությունները՝ մեկ հասցեում. Երևանում շուտով կգործի Հայրենադարձության ինտեգրման կենտրոնը
Հայրենադարձվելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ մեկ վայրում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմում շուտով կստեղծվի Հայրենադարձության ինտեգրման կենտրոնը:
Մարգարիտա Բաղդասարյան (Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի ծրագրերի համակարգող) - Երբ ինչ-որ մեկը մտածում է Հայաստան տեղափոխվելու մասին, կամ նրանք արդեն Հայաստանում են և ինչ-որ աջակցության կարիք ունեն, նրանց կհատկացնենք հայրենադարձման ինտեգրման մասնագետ, որը նրանց ամբողջ գործի ընթացքոմ կլինի կոնտակտի մեջ և կփորձի բոլոր հարցերին լուծում տալ:
Կենտրոնի գործունեության ոլորտը լայն կլինի՝ բիզնեսի հետ կապված հարցերից մինչև առողջապահություն:
Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ) - Հայրենադարձներն այս կենտրոնում կարող են գտնել իրենց մաքսային խնդիրների, կրթական, սոցիալական, փաստաթղթային, առողջապահական, ներդրումներ կատարելու և այլ՝ բազմաթիվ հարցերի պատասխաններ: Հատկապես կունենան այն ծայրաստիճան սրված խնդիրների լուծումները, որոնք ստիպում են մեր հայրենակիցներին՝ շատ հաճախ թակել պետական այս կամ այն մարմնի դուռը:
Հայրենադարձության ինտեգրման մասնագետին հնարավոր կլինի գտնել կենտրոնի կայքէջում: Հայրենիք վերադառնալու հարցում սփյուռքահայերին կաջակցեն ոչ միայն տարբեր որակավորում ունեցող մասնագետները, այլև արդեն իսկ հայրենիքում հաստատված երիտասարդները:
Մարգարիտա Բաղդասարյան - Դա շատ կհեշտացնի այն մարդկային շփումը, երբ գիտես, որ դիմացիդ մարդը նույնպես այդպիսի փորձով է անցել, իրենց հետո ավելի հեշտ է լեզու գտնել և հասկանա: Կլինեն նաև իրավաբաններ, որոնք իրավական հարցերով կօգնեն:
Աշխատանքային թիմի հայրենադարձ անդամներից մեկը լիբանանահայ Փաթիլն է: Ասում է՝ հայրենիքում հաստատվել ցանկացող լիբանանահայերի թիվը մեծ է, սեփական փորձով էլ նշում է՝ հայրենադարձվելիս հրատապ պատասխան պահանջող բազմաթիվ հարցեր են առաջանում:
Փաթիլ Մկրտիչյան («իԳործ» ծրագրի մասնակից) - Այս կենտրոնը պետք է աջակցի իրենց ջանք չխնայելով, պատասխանելով բոլոր հարցերին և տալով խնդիրների լուծումը: Մենք օրական ստանում ենք բազմաթիվ նամակներ և պատասխանում ենք դրանց: Այս մեկը պետք է ավելի դյուրացված և մասնագիտական օգնություն տրամադրի լիբանանահայությանը:
Կենտրոնի ծառայությունները կլինեն անվճար, ցանկության դեպքում հայրենադարձները նաև արևելահայերենի դասընթաց անցնելու հնարավորություն կունենան: Ինտեգրման գործընթացի ավարտից հետո էլ կենտրոնը կպահի հայրենիքում հաստատվածների հետ կապը:
Հովհաննես Ալեքսանյան - Այդ մեր հայրենակիցները, մարդիկ, նրանց տվյալներն ամփոփվելու են որոշակի բազայում և անընդհատ օգտագործվելու են, թե՛ պետության կարիքների համար, թե՛ մարդկանց հետ կապված որոշակի ծրագրեր իրականացնելիս:
Հայրենադարձության ինտեգրման կենտրոնը կգործի Հանրապետության 37 հասցեում: Աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկա ամիսներին:
1Lurer.am