Մի կողմից պետությունը փորձում է ակտիվացնել գեղարվեստական մարմնամարզության ոլորտը, մյուս կողմից փակման եզրին է կանգնեցնում Շենգավիթի ակրոբատիկայի եւ գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցը՝ միավորելով բոլոր մարզաձեւերը։ 

Թե ինչ ճակատագիր է սպասվում մարզադպրոցին, հետաքրքրվեցինք ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից, ով իր խոսքում նկատեց, որ այն գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, ուստի այդ դպրոցի հետ կապված որոշումներն ընդունում են քաղաքապետարանն ու ավագանին․«Իմ լիազորություններն այդտեղ չեն տարածվում, թեպետ եթե ինձ մնար, ես չէի միավորի, որովհետեւ դրանք տարբեր մարզադպրոցներ են, ընդ որում՝ կան մարզադպրոցներ, որ միակն են Հայաստանում, բայց քաղաքապետը վստահեցրել է, որ մի մարզաձեւի շահերից ելնելով՝ այլ մարզաձեւ չի փակվի, բոլորը կմնան։ Նա վստահեցրեց, որ դա ավելորդ ծախսերից խուսափելու, օպտիմալացնելու գործընթաց է եւ ոչ թե մարզաձեւ փակելու: Եթե ես այդ վտանգը տեսնեմ, որ հանկարծ ուզեն փակեն, իհարկե, ես իմ ձայնը կբարձրացնեմ, բայց ինձ վստահեցնում են, որ դա ընդամենը օպտիմալացում է եւ ոչ ավելին»։ 

Կ․ Գիլոյանը, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատում մարզադպրոցի պոտենցիալը․ «Ինքը շատ լավ դպրոց է՝ բացառիկ լավ պայմաններով, իհարկե, նորոգման լուրջ կարիք կա՝ տանիքը, դահլիճները, բայց հնարավորությունների տեսանկյունից հրաշալի դպրոց է։ Եթե այնտեղ գումար ներդրվի, եւ լուրջ նորոգում արվի, ինքը կարող է ոչ միայն դպրոց, այլ նաեւ մարզաբազա ծառայել»։ 

Մի կարեւոր հանգամանք եւս․ եթե նախկինում երեխաներն անվճար են հաճախել խմբակներ, օպտիմալացումից հետո դրանք այլեւս վճարովի են գործելու, ինչը շատ երեխաների զրկելու է մեծ սպորտում լինելու հնարավորությունից․«Ես հանդես եմ գալիս այն նախաձեռնությամբ, որ ինչպես եղել է օրենքում, այնպես էլ մնա՝ ՀՀ քաղաքացիներն անվճար սպորտով զբաղվելու իրավունք ունեն, բայց ես նաեւ կողմ եմ նրան, որ եթե այս կամ այն երեխայի համար սպորտի գնալն առողջությունը բարելավելու, զբաղվածությունը հագեցնելու, նիհարելու առիթ է եւ ոչ թե դեպի արդյունք գնալու նպատակ, ապա կարող են նաեւ որոշակի վճարովի խմբակներ լինել, նախ՝ իսկապես սպորտով զբաղվողների մոտիվացիան կբարձրանա, նրանք, ովքեր ուզում են գնալ դեպի արդյունք, իրենց կողքին մի օր եկող, մի օր չեկող, մի առաջադրանքը կատարող, մյուսը չկատարող երեխաներ չեն տեսնի եւ իրենք էլ չեն ծուլանա։ Այսինքն՝ այսպիսի խմբակները պետք է լինեն վճարովի, որպեսզի նրանց հաշվին կարողանան անվճար ու սպորտին նվիրված, արդյունքների համար գնացող երեխաներն ավելի լավ պայմաններ ունենան»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն