Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն այսօր հայտարարել է, որ Կիևը չի փորձի ուժով իր հսկողության տակ առնել Դոնեցկի և Լուգանսկի տարածքները, քանի որ դա կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում:

Այդ մասին Դանիլովը հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո:

«Մենք չենք կարող դա անել {հարձակվել Դոնբասի վրա}, որովհետև պատասխանատվություն ենք կրում այսօր այնտեղ ապրող քաղաքացիական բնակչության համար: Եթե՝ Աստված մի արասցե, զորքն այնտեղ անցնի հարձակման, դուք պատկերացնու՞մ եք, թե քանի մարդ կարող է զոհվել»,- ասել է Դանիլովը:

Նա «կեղծիք» է անվանել պարբերաբար շրջանառվող պնդումները, որոնց համաձայն ուկրաինական բանակն, իբր, պատրաստվում է հարձակվել Դոնբասի վրա:

Միաժամանակ նա ասել է, թե Դոնբասը և Ղրիմը «մի օր կվերադառնան Ուկրաինա, և դա ժամանակի խնդիր է»:

Դանիլովը նաև հայտարարել է, որ Ուկրաինան այսօր ունի պաշտպանվելու համար անհրաժեշտ ուժ ու կարողություն:

Azatutyun.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն