Գիտնականների աշխատավարձը պետք է բարձրացվեր համակարգային մոտեցումով
Այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել կառավարության 2021 թ․ մայիսի 13-ի 747-Լ որոշմամբ հաստատված՝ գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը պետք է զգալիորեն բարձրանար: Ինչպես Ն․ Փաշինյանն էր իր ՖԲ էջում գրել, լաբորանտն այսուհետ կստանա 67 հազարից՝ 102 հազար, ավագ լաբորանտը՝ 76 հազարից՝ 110 հազար, կրտսեր գիտաշխատողը՝ 85 հազար 800-ից՝ 120 հազար, ավագ գիտաշխատողը՝ 99 հազարից՝ 200 հազար, առաջատար գիտաշխատողը՝ 114 հազար 300-ից՝ 250 հազար, գլխավոր գիտաշխատողը՝ 138 հազար 100-ից՝ 367 հազար 100, գիտական խմբի ղեկավարը՝ 129 հազար 100-ից՝ 230 հազար, գիտական ստորաբաժանման ղեկավարը՝ 141 հազար 400-ից՝ 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս:
Ի դեպ, աշխատավարձերը բարձրացել են գիտական կազմակերպություններում (ինստիտուտներում)՝ գիտական աշխատողների համար, իսկ, օրինակ, ԳԱԱ նախագահության ապարատի գիտնականների վրա այդ բարձրացումը չի ազդել։
ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վահան Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե իրենց ինստիտուտում հունվարի 1-ից բոլորի՞ աշխատավարձն է վերանայվել։ «Այո, բոլոր գիտաշխատողների աշխատավարձն էլ բարձրացվել է՝ ինչպես որ նախատեսված էր, ըստ կանոնակարգի,- ասաց նա ու հավելեց, որ ամեն մեկինը տարբեր գործակիցներով է բարձրացել։- Ինչքան տարակարգը բարձր է, այնքան գործակիցն ավելի մեծ է ստանալու բարձր աշխատավարձ։ Նվազագույն աշխատավարձը բազմապատկվում է գործակցով, եւ ստացվում է գիտաշխատողի աշխատավարձը»։ Ըստ նրա, սա պետք է որ լավ անդրադառնա նաեւ գիտնականների եւ գիտական պոտենցիալի վրա։
Համաձայն նշված որոշման` գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված եւ ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թ․ հունվարի 1-ից սահմանվել է 66 140 դրամ: Միաժամանակ հաստատվել է յուրաքանչյուր տարակարգի եւ գիտական պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակը: Ըստ այդմ` գիտնականի աշխատավարձի նվազագույն արժեքը հաշվարկվում է վերը նշված բազային աշխատավարձի եւ համապատասխան գործակցի արտադրյալով` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատողների համար: Նշված սանդղակով 2022-2025 թվականների համար նախատեսվել է գիտնականների աշխատավարձերի աստիճանական բարձրացում, որը կապահովի համադրելիություն պետական համակարգի աշխատավարձերի համեմատությամբ:
ԿԳ նախկին նախարարի տեղակալ, ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե այս որոշումն անդրադարձե՞լ է իր վրա, աշխատավարձի բարձրացում գրանցվե՞լ է։ «Որպես բաժնի վարիչ՝ իմ աշխատավարձը, ըստ սահմանված կարգի, բարձրացել է, որպես ակադեմիայի թղթակից անդամ՝ չի փոխվել»,-ասաց նա։
Ըստ նրա, գիտնականների աշխատավարձը պետք է բարձրացվեր համակարգային մոտեցումով․ «Պետք է նաեւ աշխատանքային պայմանների բարելավման վրա ծախս արվեր։ Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել նույն հոգեբանությամբ նույն պայմաններում աշխատող մարդուն, որ ավելին կարող է անել, քան նախկինում։ Իսկ գիտնականների աշխատավարձը վաղուց պետք է բարձրացվեր, նրանք երկրում պետք է ունենան առնվազն սոցիալական միջին կարգավիճակ, եւ նրանց աշխատավարձը չպետք է ցածր լինի պետական բյուջետային հիմնարկների միջին աշխատավարձից։ Դա կարգավիճակ է, որը մինիմում պետք է ապահովի երկիրը»։
Ավետիսյանը նկատում է՝ ամբողջ գումարը, որ հատկացվում է ինստիտուտներին, հատկացվում է աշխատավարձերի, տնտեսական եւ այլ ծախսերի ձեւով։ «Ուղղակի փող ավելացնելը աշխատող խավի համար պետք է ինքնանպատակ չլինի, պետք է ե՛ւ աշխատանքային պայմաններին, ե՛ւ աշխատանքային գործիքներին, ե՛ւ աշխատակազմին ավելացվի համապատասխան գումար, որ դրանք շրջանառության մեջ դրվեն հավասարազոր, հակառակ դեպքում դրանցից մեկին հատկացվող գումարները բարձրացնել, մյուսներինը չբարձրացնել, չապահովել համապատասխան պայմաններով, ամենայն հավանականությամբ, արդյունավետ չի լինի։ Երբ ասացին, որ Գիտպետկոմն արդեն գումարները հատկացրել է, ես՝ որպես բաժնի վարիչ, հետաքրքրվեցի, թե տնտեսական եւ այլ ծախսերի մասով ինչքանով են բարձրացրել, հակառակ դեպքում մենք օժանդակ աշխատակազմին չպետք է կարողանանք բարձրացնել եւ նոր սարքավորումներ պե՞տք է առնենք, թե՞ ոչ։ Իմ կարծիքով, շատ կարեւոր է նաեւ բարձրացնել գիտական ամսագրերի, հրատարակությունների վրա ծախսող գումարը, որպեսզի նրանք լինեն շատ եւ լինեն անպայման օտար լեզվով թարգմանված»։
Hraparak.am