Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է․կհրապարակվեն գրողի նամակներն ու նշումներ՝ չգրված վիպակներից
«Մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել և ուզում է տեսքի բերել այս քաոսային աշխարհը»․ տողերի հեղինակը գրող Հրանտ Մաթևոսյանն է։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Օրվա առթիվ Կոմիտասի անվան պանթեոն՝ գրողի շիրիմին այցելել ընկերները, հարազատները, նաև «Ռադիոլուր»-ի լրագրող Սոնա Հակոբյանը։ Նա գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի հետ զրուցել է «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» ծրագրերից, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի գործունեությունից։
«Հրանտ Մաթևոսյանի գրական գործին ավարտ չկա, և թյուր է այն կարծիքը, թե Հրանտ Մաթևոսյանն այլևս չի գրում»․ բանասիրական գիտությունների թեկնածու Համո Մաթևոսյանը խոստանում է շատ շուտով հանրությանը ներկայացնել եղբոր գրական ստեղծագործության նոր հատորը՝ կազմված նամակներից, չգրված վիպակների օրագրային նշումներից, որոնց հիման վրա կարող են առանձին վեպեր գրվել։ Համո Մաթևոսյան․
«Գրական ժառանգությունը պատկառելի է, մեծ է, որի վերջը դեռևս չի երևում։ Ամեն ընթերցման հետ կարծես նոր ես ծանոթանում այդ աշխարհին։ Եթե խնդիրներ չլինեն, եկող տարի նոր գիրքը կտպագրվի»։
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամը զբաղված է ոչ միայն նոր հատորի հրատարակչական հարցերով․ փորձում է քայլեր ձեռնարկել «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» լրակառուցման, կահավորման և գործարկման ուղղությամբ։ Կենտրոն-թանգարանը վերջանական տեսքի բերելու ու շահագործման հանձնելու նպատակով պատրաստվում են դրամահավաք կազմակերպել, եւ այսուհետև դիմելու են բացառապես հանրությանը, «Ռադիոլուր»-ին ասաց Մաթևոսյանի որդին՝ հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը․
«Անցյալ տարի կոչ հրապարակեցինք։ Աթոռակռիվ կոչեցինք, դրամահավաք սկսեցինք, հանդիսատեսի հավաքած գումարով աթոռներ գնեցինք։ Սկսեցինք «Գոմեշը» խաղալ, որը բարեգործական ներկայացում է հանուն կենտրոն- թանգարանի։ Այժմ մեկ այլ նախաձեռնություն ունենք՝ ԱՄՆ–ում։ Անունը՝ «Զարկ»։ Առաջիկա օրերին ևս մեկ դրամահավաքի մասին կհայտարարենք, դարձյալ ԱՄՆ–ում։ Հույս ունենք, որ մեկենասներ կգտնենք և ինչ-որ արդյունքներ կունենանք՝ մեր գործն աստիճանաբար առաջ տանելու համար»։
Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը այսօր կդառնար 87 տարեկան։ Նա ծնվել է Լոռու Ահնիձոր գյուղում։ Հենց «Ահնիձոր» անունով ակնարկն էլ դարձավ հեղինակի առաջին տպագիր գործը։ Մաթևոսյանի սցենարներով են նկարահանվել «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը», բազմաթիվ այլ ֆիլմեր։
hy.armradio.am